Երևանյան բարերից մեկում արգելել են ծխելը՝ չսպասելով օրենքի ընդունմանը

Երևանյան բարերից մեկում արգելել են ծխելը՝ չսպասելով օրենքի ընդունմանը

PanARMENIAN.Net - Երևանյան Epicure գաստրոփաբում փետրվարի 7-ից սկսած այլևս չի թույլատրվի ծխել. համապատասխան որոշում են կայացրել ժամանցի վայրի սեփականատերերը: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնեց բարի համահիմնադիր Արթուր Թադևոսյանը:

Նրա խոսքով՝ նման որոշում է կայացվել հասարակական վայրերում ծխելը սահմանափակող օրենքի ընդունմանն ընդառաջ:

ՀՀ կառավարությունը հունվարի 25-ին հանրային քննարկման է ներկայացրել հասարակական վայրերում ծխելը սահմանափակող օրենքի նախագիծը, որը բարձր տուգանքներ է սահմանում հանրային սննդի օբյեկտներում, հյուրանոցներում, մեքենաներում, բուժհաստատություններում, մշակութային ժամանցի և օրենքով արգելված այլ վայրերում ծխելու համար: Մասնավորապես, հանրային վայրերում ծխելու համար տուգանքը կարող է կազմել 250 հազար դրամ, ծխել արգելող նշանը չկախելու համար՝ 100 հազար դրամ։

«Մենք վաղուց էինք մտածում Epicure-ում ծխելն արգելելու մասին, այս օրինագծի քննարկումն էլ խթան հանդիսացավ: Այսուհետ մեզ մոտ ներսում ծխելը կարգելվի, իսկ մեր ծխող հյուրերի համար հարմար պայմաններ կստեղծենք դրսում՝ անմիջապես բարի պատուհանների մոտ: Այդտեղ կդրվեն հատուկ սեղաններ և աթոռներ, ցուրտ եղանակին այդ հատվածը նաև կջեռուցվի: Ծխող հյուրերը կարող են դուրս գալ և ծխել այդ հատվածում, կարծում եմ, հարմար կլինի»,- պատմեց Արթուրը:

Փետրվարի 7-ին գաստրոփաբում կանցկացվի նաև ծխելու դեմ ուղղված հատուկ միջոցառում, ինչպես նշում են կազմակերպիչները, «հօգուտ բույսերի ու մեր թոքերի»: Այդ օրը հյուրերին առաջարկում են բար գալ բույսերով:

Ընթերցեք նաև. Ակումբային բիզնեսը՝ ծխելու սահմանափակման մասին. Չենք տուժի, եթե արտոնյալներ չլինեն

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---