ԼՂՀ նախագահի խոսնակն օբյեկտիվ քննություն է խոստանում Ասյա Խաչատրյանի գործով

ԼՂՀ նախագահի խոսնակն օբյեկտիվ քննություն է խոստանում Ասյա Խաչատրյանի գործով

PanARMENIAN.Net - ՀՀ քաղաքացի Ասյա Խաչատրյանի, ով պատմել է, որ Արցախի Հանրապետության ոստիկաններն իր հանդեպ բռնություն են գործադրել, գործն օբյեկտիվորեն քննվելու է: Այս մասին PanARMENIAN.Net – ին հայտնեց ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

«Այս հարցն անպայման քննվելու է, որովհետև նման հարցերին պետք է արձագանքել: Համապատասխան հանձնարարականներն արդեն տրվել են ոստիկանապետին, ոստիկանության ղեկավարությանը: Ամեն ինչ օբյեկտիվորեն քննվելու է, և եթե այն, ինչ ասվում է, ճիշտ է, և ապացուցվի, որ նման դեպք եղել է, մեղավորները կպատժվեն»,- ասաց Բաբայանը, հավելելով, որ հանձնարարականներն ԱՀ ոստիկանության ղեկավարությանը տրվել են երկրի նախագահ Բակո Սահակյանի կողմից և «անվերապահորեն կատարվելու են»:

Բաբայանի խոսքով՝ անթույլատրելի է, որ այս թեմայի շուրջ լինեն քաղաքական շահարկումներ. «Անթույլատրելի է, որ վարվի աննորմալ և հակազգային, հակահայկական քաղաքականություն: Առավել ևս «հայաստանցի-ղարաբաղցի» «մուտիլովկաները», որոնք որևէ կապ չունեն իրականության հետ և թուլացնում են հայ ժողովրդին ու պետականությանը»:

Մամուլի խոսնակը նաև վստահություն հայտնեց, որ Ասյա Խաչատրանը պետք է ավելի շուտ դիմեր ոստիկանությանը, քանի որ կատարվածից արդեն մոտ 2 ամիս է անցել. «Տաք հետքերով ավելի օպերատիվ ձևով կարելի էր այս ամենին արձագանքել»:

Բաբայանը մեկ անգամ ևս վստահեցրեց, որ անկախ ամեն ինչից հետաքննությունն անցկացվելու է օբյեկտիվ, իսկ մեղավորները պատժվելու են:

Ավելի վաղ ՀՀ քաղաքացի Ասյա Խաչատրյանը պատմել էր, որ փետրվարի սկզբում Արցախում աշխատանքով գտնվելու ընթացքում 3 օր շարունակ խնդիրներ է ունեցել տեղի իրավապահ մարմինների հետ՝ հանդիպելով նրանց կողմից պաշտոնական դիրքի չարաշահմանն ու բռնության: Աղջկա խոսքերով՝ այդ բոլոր խնդիրները նրա կապույտ մազերի և փողոցում ծխելու պատճառով էին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---