Կապույտ մազեր, Արցախ ու շարիաթ

Կապույտ մազեր, Արցախ ու շարիաթ

Աղջիկը պնդում է՝ ոստիկանները ծեծել են իրեն արտաքինի պատճառով

Նյութի վրա աշխատելիս երկար, չափից ավելի երկար մտածել ու այդպես էլ վերջնական չենք հասկացել` ինչպես անդրադառնալ թեմային՝ խուսափելով մեզ համար եղկելի «ղարաբաղցի-հայաստանցի» հակադարձումից: Այդպես էլ չկարողանալով կողմնորոշվել` որոշեցինք պարզապես շարադրել մեր մտքերը վերջաբանում:

PanARMENIAN.Net - Պատմությունը ներկայացվում է հերոսուհու խոսքերի հիման վրա:

Փետրվարի 1-ին կապույտ գույնի մազեր, փիրսինգ ու բազմաթիվ դաջվածքներ ունեցող Ասյա Խաչատրյանը, ով շաբաթներ առաջ ժամանակավոր Ստեփանակերտ էր տեղափոխվել, տուն էր վարձակալել ու աշխատում էր, գիշերային ուշ ժամին տուն էր վերադառնում։ Ճանապարհին նրան մոտեցան 3 ոստիկան, որոնք հարցրին` նորմալ է արդյոք ամեն ինչ՝ զարմանք հայտնելով, որ միայնակ աղջիկը քայլում է փողոցով: Րոպեներ անց նրանց միացավ ևս 3 իրավապահ: Նրանք պահանջեցին Ասյայից անձը հաստատող փաստաթուղթ` նշելով, որ աղջիկն իրենց «կասկածելի է թվում»: Անձնագիրն Ասյայի ձեռքին չէր. գնալով տուն, նա ցույց տվեց այն, ոստիկաններն էլ իրենց հերթին փորձեցին նկարել անձնագիրը, Ասյան իր հերթին փորձում էր թույլ չտալ դա: Կոնֆլիկտ ծագեց, որի ժամանակ Ասյան պնդում էր` եթե խնդիր կա, պատրաստ է ներկայանալ ոստիկանություն, սակայն առանց բացատրությունների լուսանկարել անձնագիրը թույլ չի տա։

Հաջորդ օրն իրեն ու Երևանից եկած ընկերուհուն տան մոտ սպասում էին մի քանի ոստիկան, ովքեր կրկին պահանջեցին անձնագիրը` տվյալներն արտագրելու համար: Ոստիկանները հրաժարվում էին խոսել «դուք»-ով, իսկ բաժանմունքում զրուցելու առաջարկին ի պատասխան սպառնում աղջիկներին, որ նրանք «քաղմասից» դուրս չեն գա: Ասյան պնդում էր, որ ուզում է ամեն ինչ «օրենքով անել»: Ճանապարհելով ընկերուհուն տուն, նա գնաց բաժանմունք։ Այնտեղ, նրա խոսքով, ոստիկանները սկսեցին մեկնաբանություններ անել իր մազերի գույնի վերաբերյալ, բրդել, միջնամատ ցույց տալ:

«Ոնց որ «քուչում» լինեի», - պատմում է Ասյան:

Որոշ ժամանակ անց Ասյային ուղեկցեցին վերադասի մոտ։ Աղջիկը պնդում էր, որ չի պատասխանելու ոչ մի հարցի մինչև չիմանա՝ ինչի համար է այնտեղ ու մինչև իր հետ չսկսեն հարգալից խոսել։ Երբ նա փաստաբան պահանջեց, զրուցակից-ոստիկանը պատասխանեց՝ «փաստաբան կգնաս-կուզես Հայաստանում, ստեղ տենց բաներ չեն անցնում»:

Պահանջը պնդելուց հետո ոստիկանը ծխախոտի տուփը շպրտեց աղջկա վրա ու հայհոյեց, ինչից հետո ստորադասները դուրս բերեցին նրան սենյակից ու որոշ ժամանակ անց բաց թողեցին բաժանմունքից: Ընթացքում իրավապահները մեղադրում էին նրան անսթափ լինելու մեջ (իր իսկ խոսքով, Ասյան այդ օրը 2 շիշ գարեջուր էր խմել, բայց իրեն անսթափ չէր զգում և այդկերպ չէր պահում):

Երրորդ օրը երեկոյան, երբ Ասյան ու ընկերուհին տանն էին, դուռը թակեցին: Բացելուց հետո առանց ներկայանալու ու վկայականը պատշաճ կերպով ցույց տալու Ասյայի վարձակալած տուն 2 առանց համազգեստի ոստիկան մտավ։ Երբ նա հերթական անգամ պահանջեց ներկայացնել իրեն անհանգստացնելու պատճառները, նրան սկսեցին վիրավորել ու ծեծով սպառնալ: Հետո սկսեցին փորփրել անձնական իրերը, բողոքել բնակարանի թափթփվածությունից, պահանջեցին գնալ բաժին: Աղջիկները ենթարկվեցին․ ոստիկանությունում նրանց առանձնացրին: Ասյան մի քանի անգամ փորձում էր ճշտել` ինչու են նրանց բաժին տարել ու փոխարենը ստանում միայն «լեզվիդ ես տալիս» պատասխանը: Փաստաբան պահանջելուց հետո ոստիկաններից մեկը սկսեց քաշքշել նրան, խփել, հայհոյել, ինչից հետո Ասյան փախավ սենյակից: Ձայների վրա էլի ոստիկաններ եկան, երբ Ասյայի մոտ, իր խոսքով, արդեն հիստերիայից լաց էր սկսվել: Նա, ով քաշքշում ու հարվածում էր Ասյային, գնաց այլ սենյակ, որտեղ հարցաքննում էին երկրորդ աղջկան, ու ուժեղ խփեց նրա գլխին, ինչից վերջինս ուշաթափվեց:

Ընթացքում պարզվեց, որ, ոստիկանների վարկածով, Ասյայի դեմ բողոքել են հարևանները՝ վարձակալած տուն տղաներ բերելու համար։ Աղջկա խոսքով, հարևանների կամ ոստիկանների ասածներն իրականությանը չեն համապատասխանում․ տունն Ասյայի համար վարձում էր նրա գործատուն՝ այն սրճարանը, որտեղ աղջիկը եկել էր մատուցող աշխատելու, և պայմանավորվածություն կար, որ տուն կարող է այցելել միայն տանտերը։ Ասյայի ընկերուհուն հարցուփորձ էին անում սեռական կյանքից, փորփրում նրա հեռախոսի մեջ: Աղջիկներին հարվածած ոստիկանը սպառնում էր նարկո- ու վեներական հիվանդությունների թեստերով։ Ի պատասխան աղջիկները ակնարկում էին նրան պատասխանատվության մասին, եթե պարզվի, որ այդ թեստերն ու ամբողջ նվաստացումն անտեղի են:

Ոստիկանների շրջանում, Ասյայի բնութագրությամբ, քիչ թե շատ ադեկվատ ներկայացուցիչը փորձում էր հարթել իրավիճակը՝ թեթևակի կշտամբելով բռնության դիմած աշխատակցին բռի պահվածքի համար ու դուրս հրավիրելով։ Ավելի ուշ իրավապահն ասել էր, որ ամբողջ պատմությունն Ասյայի կապույտ մազերի և փողոցում ծխելու պատճառով էր ու ակնարկել, որ լավ կանի՝ օր առաջ վերադառնա Երևան։ Ասյան մի քիչ ընդդիմացավ, այնուհետև մեկնեց:

Վերադառնալով Երևան, Ասյան պատմեց իրավիճակի մասին PanARMENIAN.Net -ի թղթակից Յուլիաննա Լալաբեկովային, սակայն խոստովանեց, որ չունի որևէ փաստացի ապացույց, ավելին՝ ոստիկաններից ոչ ոք անգամ չէր ներկայացել: Լրագրողը հորդորեց նախ դիմել Արցախի օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանին՝ գործին ընթացք տալու համար: Հեռախոսազրույց եղավ, որի ընթացքում, ըստ Խաչատրյանի, ՄԻՊ-ը խնդրեց դեպքերին մամուլի ներկայացուցիչներին չխառնել: Ինքը՝ Մելիքյանը, սակայն, հերքեց, որ նման կերպ է արձագանքել դեպքին․նրա խոսքով, ինքը միայն նշել է, որ առանց փաստացի ապացույցների որևէ գործնական քայլ անել չի կարողանա ու ստիպված կլինի «զանգել-բարկանալով» սահմանափակվել, ինչպես նաև հանդիմանել Ասյային ավելի շուտ գործին ընթացք չտալու համար:

Մարտի կեսերին Ասյան գրավոր դիմում-բողոք էր ներկայացրել նաև ՀՀ դատախազություն՝ շարադրելով Արցախում տեղի ունեցածը: Նրա խոսքով, այդ ամենը նաև ձգձվել է այն պատճառով, որ ընթացքում առողջական խնդիրներ ուներ և որոշ ժամանակ գտնվում էր հիվանդանոցում: Մի քանի օր անց Ասյան պատմեց, որ ՀՀ ոստիկանությունից էին եկել իրենց տուն, առանց ծանուցման կանչել կառույցի 6-րդ վարչություն, ինչից հետո նա որոշել է հանրայնացնել դեպքն ու պատմել իրադարձությունների մասին epress.am-ին։ Խաչատրյանի հարցազրույցից հետո Արցախի օմբուդսմենի գրասենյակը հաղորդագրություն տարածեց, որտեղ նշում էր, որ «եթե Խաչատրյանի պնդումները համապատասխանում են իրականությանը, ապա ԱՀ ոստիկանության տվյալ ծառայողների գործողություններն անընդունելի են և ենթակա են խիստ իրավական գնահատականի»:

Օմբուդսմենի հայտարարությունում միաժամանակ նշվում էր, որ Խաչատրյանի ու Մելիքյանի հեռախոսազրույցը թերի է ներկայացված՝ խնդիրն առանց աղմուկի լուծելու մասում, ինչպես նաև, որ Խաչատրյանը պատրաստվում էր պնդումները ՄԻՊ-ին գրավոր ներկայացնել, ինչը դեռ չի արել։

ՄԻՊ-ը խոստացավ նաև ձեռնարկել օրենքով նախաձեռնված բոլոր միջոցները Խաչատրյանի պնդումներին պատշաճ իրավական արձագանք ապահովելու հարցում և այդ ուղղությամբ ձեռնարկել օրենքով նախատեսված բոլոր միջոցները:

Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ մեկնաբանելով իրադարձությունը, ասաց, որ Ասյային ոստիկանությունից ուղարկել են ծանուցում. «Ուղարկում ենք, մի հատ էլ զանգահարում ենք, դա նորմալ իրավական ընթացք է»: Նա հավելեց, որ «դատախազությունից դիմել են, համապատասխան գործողություններն իրականացվում են, այս պահին հրապարակման ենթակա այլ տեղեկատվություն չկա»:

ԱՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության պետ Ֆելիքս Հարությունյանը մեզ հայտնեց, որ քանի որ պարզաբանումներ կկարողանա տալ այն բանից հետո, երբ ՀՀ իրավապահ մարմինները, որոնք ստացել են Ասյայի դիմումը, համապատասխան ստուգումների դեպքում կտան իրավական գնահատական կամ նյութերը կուղարկեն Արցախ. «Այդ դեպքում մենք արդեն ինչ-որ պարզաբանումներ կանենք: Ներկա պահին, քանի որ զբաղվում են ՀՀ համապատասխան մարմիններ, մենք որևէ մեկնաբանություն տալ չենք կարող»:

Խմբագրության կողմից

Այն, որ հանրության որոշ մասը ՀՀ-ում այդքան էլ դրական չի տրամադրված տարբերվող արտաքինով երիտասարդների հանդեպ, թերևս, բոլորին է հայտնի։ Թե՛ ՀՀ, թե՛ ԱՀ ոստիկաններին հատուկ են հասարակության բոլոր կարծրատիպերը, որոնց գումարվում են ուժայիններին հատուկ զգուշավորությունը կամ «պարանոյան», ինչը բնորոշ է ոչ միայն ստեփանակերտցիներին։ Ընդամենը տարիներ առաջ Երևանում ուժայինները հետապնդում էին «էմո» ենթամշակույթի ներկայացուցիչներին երևանյան փողոցներում, հետապնդողներն էլ ոչ թե Ղարաբաղից էին, այլ հենց մեր մայրաքաղաքից, կամ, ինչու՞ ոչ՝ Արարատի մարզից:

Ու նրանցից շատ-շատերը, անկասկած, ստորադասում են օրենքը «ճշտի» մասին սեփական պատկերացումներին։ Հայ ոստիկանների զգալի մասը մեծ հաճույքով կարգելի ցանկացած կապույտ, դեղին, կանաչ մազեր, ընդհանրապես` օրենքն էլ կարգելի, ու կշարժվի «չգրված օրենքներով», որով ապրում է, երբ հանում է «ֆորման»: Տողերի հեղինակին «Էլեկտրիկ Երևանի» օրերին Հյուսիսային պողոտայի վրա ծեծեցին գրեթե նույն խոսքերով, ինչ տուժած աղջկան Ստեփանակերտում` «օրենք կէթաս Եվրոպայում կուզես»: Հայաստանցու համար սոդոմ-հոմորը Եվրոպան է, ստեփանակերտցու համար` Հայաստանը, ընդամենն այսքանը: Կասկած չկա, որ հնարավորության դեպքում ՀՀ-ում նրանք կհաստատեին նույն բարքերն ու պահվածքը, ինչ ստեփանակերտցի ոստիկաններն են հաստատում` որոշ տեղական առանձնահատկություններով:

Անդրադառնալով «հայաստանցի-երևանցի» թեմային, ազնիվ ասենք՝ սա տարածված բնորոշում է: Ղարաբաղցիք «թուրք» են, երևանցիք՝ «բիբար կրծող», թիֆլիսեցիք՝ «շուռ տված», և այլն: Երևանցիք այն օրը գցեցին բաքվեցիներին, որ վերջիններս նախընտրեցին ադրբեջանցիների հետ փոխանակած տները ծախել-գնալ Մոսկվայի` դուռ-լուսամուտ չունեցող հանրակացարաններ ու ամեն օր «չուռկա» բառը լսել, միայն թե չվայելել մեր «հյուրասիրությունը»: Բաքվեցիներն էլ մեզ` երևանցիներիս, գեղջուկ էին համարում, որովհետև մեր ռուսերենն այդքան էլ հարթ չէր: Եվ այդպես անվերջ... Նման վերաբերմունքի պատճառները շատ խորն են մեկ պարբերությամբ բացատրելու համար. ընդամենը ֆիքսենք, որ Արցախի ու «Մայր Հայաստանի» պարագայում դրանք, գուցե և, խորանում են պատերազմի, «թիկունք-ճակատ» հարաբերությունների կամ կոնֆլիկտի լուծման վերաբերյալ տարբեր ընկալումների պատճառով, ոչ թե մեկնումեկիս` իրարից լավը կամ վատը լինելու:

Ուստի խնդիրն այն չէ, որ աղջիկը ծագումով Երևանից է, իսկ, ինչպես ինքն է պատմում, բռնության դիմած մարդիկ` Հադրութից կամ Ստեփանակերտից: Ցանկացած ոք, ով ենթադրյալ բռնության դեպքի համատեքստում սևեռվում է հերոսների ծագման վրա, շեղվում է բուն` ենթադրվող ոստիկանական «բեսպրեդելի» թեմայից, տարածաշրջանային մանր ռասիզմի գիրկն է ընկնում:

Ամեն դեպքում, ցանկացած համակարգ բնութագրում է ոչ թե միջադեպը, այլ արձագանքն այդ միջադեպին: Հատկանշական է, որ շատ մարդկանց երբեմն ավելի քիչ է հուզում հենց բուն խնդիրը, քան այն, որ դրա մասին կարող են իմանալ «դրսում»: Ընտանիքի, ինչպես նաև երկրի «կեղտոտ սպիտակեղենը» դուրս չհանելու սովորությունը հատուկ է փոքր ու փակ հասարակություններին, ինքնապաշտպանական բնազդի պես բան է: Ուստի այսօր Արցախն ունի 2 ճանապարհ՝ հետաքննել հարցն ու կամ հերքել այնպես, որ գեթ մի մարդու մոտ կասկած չմնա ուժայինների անմեղության մեջ, կամ, հակառակը՝ ցուցադրաբար պատժել իրավիճակի մեղավորներին, տուժածներից էլ ստիպել ներողություն խնդրել, ինչպես և վայել է ազատ ու դեմոկրատ երկրին, այլապես մեծ է վտանգը շարիաթի օրենքներով ապրող պակիստանյան ոճի համայնքի վերածվելու:

Լուսանկարները՝ Ասյա Խաչատրյանի անձնական արխիվից

Նիկոլայ Թորոսյան, Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն

Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---