Փախչանյան. ArmHiTec 2018-ին 30 ընկերություն կմասնակցի

Փախչանյան. ArmHiTec 2018-ին 30 ընկերություն կմասնակցի

PanARMENIAN.Net - Մարտի 28-ին բացվող սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec 2018 երկրորդ միջազգային ցուցահանդեսին իրենց տաղավարներով մասնակցելու է 30 ընկերություն 14 երկրից: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-Պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՌԴ-ն ArmHiTech-2018-ում Ս-400 «Տրիումֆ», «Ֆավորիտ» և ՀՕՊ այլ համակարգեր կներկայացնի:

Ցուցահանդեսին կմասնակցեն ռուսաս​տանյան «Ռոսոբորոնէքսպորտ», «Կոնցեռն ՎԿՈ «Ալմազ-Անտեյ», «ՆՊԿ «ՈՒրալվագոնզավոդ», «ՌՍԿ «ՄԻԳ» բաժնետիրական ընկերությունները, հնդկա​կան «ԲԵԼ» և «ԼԱՐՍԵՆ&ՏՈՒԲՌՈ» ընկերությունները, ինչպես նաև ընկերություններ Գերմանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Չինաստանից և այլ երկրներից: Բացի թվարկած​ներից, ևս 30 արտերկրյա ընկերությունների ներկայացուցիչներ ժամանելու են իրենց արտադրա​տե​սակները ներկայաց​նելու և գործարար կապեր հաստատելու նպատակով:

Փոխնախարարը տեղեկացրել է, որ ցուցահանդեսին մասնակցելու են նաև հայկական բոլոր ընկերությունները:

Ցուցահանդեսի ընթացքում անցկացվելու են մի մի շարք միջոցառումներ՝ կոնֆերանսներ, կլոր սեղաններ, տեղի կունենա նաև պաշտպանության նախարարության գիտական և գիտատեխնիկական կոնֆերանսը, ՀԱՊԿ ռազմատեխնիկական միջպետական կոմիտեին կից գործարար խորհրդի նիստը:

Փախչանյանը տեղեկացրել է ArmHitec 2018 ցուցահանդեսին ներկայացվելու է որոշակի պատկեր առաջնագծից՝ օնլայն ռեժիմով, հայտնում է Aysor.am-ը:

«Այցելուները հնարավորություն կունենան նույնիսկ տեղաշարժել տեսախցիկը ու տեսնել ամեն բան օնլայն ռեժիմով», - ասել է Դավիթ Փախչանյանը։ Նա հավելել է, որ առաջնագիծն ամրապնդելու ու տեսադիտարկման տեխնիկայով հագեցնելու առումով լուրջ առաջընթաց կա:

Փախչանյանը, անդրադառնալով ՀՀ կողմից սպառազինության գնումներին, նշել է, որ գնումների մեկ քառորդը կազմելու է ներքին արտադրանքը։ Նա ընդգծել է, որ սա նաև հաշվի առնելով ռուսական կողմից տրամդրվող վարկով սպառազինության գնումները, հայտնում է Aysor.am-ը։

Ինչ վերաբերում է հայկական ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքի հնարավոր արտահանմանը, Դավիթ Փախչանյանը նշել է, որ այս շուկա մուտք գործելը բավականին բարդ է ու ժամանակատար։ «Սա կապված է, իհարկե, նաև այն բանի հետ, թե երբ կկարողանանք մեր արտադրանքի դեպքում անցնել սերիական արտադրության», - ասել է Դավիթ Փախչանյանը։

Ռուսական օդատիեզերական պաշտպանության «Ալմազ-Անտեյ» կոնցերնը ՀՕՊ համակարգերի իր մշակումները կներկայացնի Հայաստանում: Ընկերությունը մասնավորապես կներկայացնի հեռահար զենիթահրթիռային Ս-400 «Տրիումֆ», Ս-300ԲՄ «Անտեյ-2500», Ս-300ՊՄՈւ2 «Ֆավորիտ» համակարգերը, ինչպես նաև միջին և փոքր հեռահարության «Բուկ-Մ2Է», «Տոռ-Մ2Է», «Տոռ-Մ2Կ» և «Տոռ-Մ2ԿՄ» զենիթահրթիռային համակարգերը, նաև այլ համակարգեր:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---