Փաշինյան. Ընտրություններին բանակը չպետք է ներքաշվի որպես ընտրական գործընթացի կողմ

Փաշինյան. Ընտրություններին բանակը չպետք է ներքաշվի որպես ընտրական գործընթացի կողմ

PanARMENIAN.Net - Մայիսի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պաշտպանության նախարարությունում բանակի բարձրագույն սպայական կազմին ներկայացնելով նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին, խոսել է նաև բանակի առաջնահերթությունների մասին:

Նա նշել է, որ առաջին և ամենակարևոր խնդիրը՝ բանակի մարտունակության շարունակական բարձրացումն է՝ հավելելով, որ բանակը, ԶՈւ-ն պետք է ամուր թիկունք լինեն Հայաստանի դիվանագիտության և բանակցային գործընթացի համար:

«Հաջորդ խնդիրը, որ մտադիր ենք առաջիկայում լուծել և համարել ենք, որ Դավիթ Տոնոյանի թեկնածությունը դրա համար ամենահարմարն է, վերաբերում է բանակի ապաքաղաքականացմանը: Ես Արցախում արդեն առիթ ունեցել եմ մեր բանակի, ԶՈւ ներկայացուցիչներին առանձնահատուկ շնորհակալություն հայտնել, որ ներքաղաքական վերջին ճգնաժամի ընթացքում ԶՈւ կարողացել են չդառնալ քաղաքական գործընթացի մաս, ինչը նախատեսված է Սահմանադրությամբ: Սա վկայում է մեր ԶՈւ-երի ինստիտուցիոնալ կայացվածության բարձր մակարդակի մասին: Այս գործընթացը պետք է շարունակենք: Քաղաքական պրոցեսների ընթացքում, այդ թվում՝ ընտրությունների ժամանակ, բանակը չպետք է ներքաշվի որպես ընտրական գործընթացի կողմ, մեր խնդիրն է՝ ապահովել ՀՀ յուրաքանաչյուր քաղաքացու ընտրության ազատությունը և այդ առումով, առավել ևս ԶՈւ ծառայող հանդիսացող յուրաքանչյուր քաղաքացի պետք է ազատ լինի իր ընտրության մեջ, որովհետև այդպես է նախատեսված Սահմանադրությամբ, օրենքներով, ու սա վերաբերում է բորորին՝ շարքայինից մինչև գեներալ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ ՀՀ Զինված ուժերը չպետք է լինեն իշխանամետ, ընդդիմադիր և իրենց քաղաքական գործոն չպետք է համարեն, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ այսուհետ այս խնդիրը լուծելն իրական է, և այդ գործընթացը պետք է շարունակել մինչև վերջ:

Անդրադառնալով հաջորդ խնդրին՝ վարչապետը նշել է. «Մենք պետք է բացառենք այն իրավիճակը, երբ ԶՈւ ժամկետային զինծառայողների ծնողները նյութական ապահովման գործառույթ կիրականացնեն և ստիպված կլինեն իրենց երեխաներին ապահովել հագուստով, հիգիենիկ պարագաներով և այլն: Այդ թեմայով արդեն զրույց ունեցել ենք ԶՈւ գլխավոր շտաբի հետ և դրա արդյունքներով հայտարարել եմ, որ այդ պրակտիկան համարում ենք ավարտված: Բոլոր այն դեպքերում, երբ ծնողները կանգնած կլինեն նման խնդրի առաջ՝ նրանց կրկին կոչ եմ անում ոչ թե իրականացնել այդ պահանջը, այլ դիմել ԶԼՄ-ներին և վարչապետի աշխատակազմին: Ես ունեմ ԶՈւ ներկայացուցիչների հավաստիացումները, որ մենք այսօր ի վիճակի ենք մեր զինվորներին ապահովել անհրաժեշտ ամեն ինչով, ինչը պետության պարտավորությունն է»:

Վարչապետն անհրաժեշտ է համարել նաև հանրապետությունում, այդ թվում՝ ԶՈւ շարքերում հակածխախոտային քաղաքականության իրականացումը:

Անդրադառնալով ԶՈւ-երում կրթական գործընթացի կազմակերպմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հաճախ զինծառայողները բանակից քաղաքացիական կյանքի են վերադառնում ավելի ցածր կրթական ցենզով, քան նրանք զորակոչվել են: «Ես սա համարում եմ լրջագույն խնդիր: Բոլորս ակտիվ պետք է համագործակցենք և հասկանանք դրա լուծման նրբությունները: Զինծառայողները բանակից պետք է վերադառնան ավելի բարձր կրթական ցենզով, այսինքն՝ զինվորների կրթական պրոցեսը կազմակերպելը չափազանց կարևոր է»,- շեշտել է վարչապետը:

Խոսելով ԶՈւ տեղի ունեցող դժբախտ դեպքերի և պատահարների մասին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է. «Մենք չպետք է թույլ տանք, որպեսզի զինվորի զոհվելու մասին լուրը հանրության համար դառնա լրահոսի հերթական վերնագիր: Եվ հակառակորդի գործողությունների, և տարբեր միջադեպերի հետևանքով տեղի ունեցած ցանկացած դեպք պետք է լրջորեն հետաքննվի, պետք է արվեն հետևություններ, որոնց նպատակը կլինի կանխարգելումը:

Յուրաքանչյուր դեպքից պետք է արվի լրջագույն հետևություն և այդ հետևությունները պետք է դառնան եզրակացություններ, որոնք կյանքի կկոչվեն, որպեսզի նվազագույնի հասցնենք նման դեպքերը: Չեմ ասում, թե մինչ այս այդպես չի եղել, բայց հանրությունը պետք է համոզված լինի, տեսնի, որ բոլորս մեզնից կախված հնարավորը և անհնարն ենք անում՝ յուրաքանչյուր զինվորի կյանքը, անվտանգությունը պաշտպանելու համար: Սա իսկապես շատ կարևոր առաջնահերթություն է և ակնկալում եմ, որ պաշտպանության նախարարը կլուծի այդ խնդիրը»:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին և Զինված ուժերին՝ կատարած ծառայության համար և հավելել, որ ՀՀ Զինված ուժերը վայելում են հայ ժողովրդի կատարյալ վստահությունը: «Սա շատ կարևոր է: Միաժամանակ, ուրախ եմ արձանագրել, որ ՀՀ-ում այսօր կա կառավարություն, որը նույնպես վայելում է ժողովրդի վստահությունը, գուցե ոչ այնքան՝ որքան բանակը, բայց առնվազն ունենք պոզիտիվ իրավիճակ, որը բացառիկ է: Սա պետք է կարողանանք վերածել կոնկրետ արդյունքների, որոնք էականորեն կփոխեն Հայաստանի անվտանգային միջավայրը և որոնց արդյունքում այն դրական մթնոլորտը, որ հաստատված է հանրապետությունում՝ կպահպանվի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և ավելացրել, որ իր համար մեծ պատիվ է վերադառնալ հոգերահարազատ միջավայր՝ պաշտպանության նախարարություն: Նորանշանակ նախարարը նշել է, որ սեղմ ժամկետներում օրենքով սահմանված կարգով կառավարության ծրագրում կարտացոլվեն վարչապետի բոլոր ցուցումները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---