15 մայիսի 2018 - 11:12 AMT
Նախարար. ՇՊՀ-ում կձևավորվի նոր խորհուրդ, կանցկացվեն ռեկտորի նոր ընտրություններ

Շիրակի պետական համալսարանում առկա խնդիրներին լուծում տալու համար կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Այդ մասին նախարարը հայտնել է ՇՊՀ-ում լրագրողների հետ զրույցում։

Նա ասել է, որ մայիսի 14-ին հանդիպում է ունեցել բուհի ռեկտոր Սահակ Մինասյանի հետ, մայիսի 15-ինմ նույնպես առանձնազրույց է ունեցել.«Մենք այս իրավիճակից մեկ լուծում ենք գտել, ձևավորվելու է նոր խորհուրդ, որը մեր վերահսկողությամբ օրենքի տառին համապատասխան կանցկացնի ռեկտորի նոր ընտրություններ»,-հայտնում է Aysor.am-ը։

«Ինձ համար այս պրոցեսում անընդունելի էր ոչ ակադեմիական մթնոլորտը, երբ փոխադարձ վիրավորանքների պայմաններում քննարկվում էին Հայաստանի բուհերից մեկի ներքին խնդիրները», - նշել է Հարությունյանը։

Նախարարի խոսքով՝ ռեկտոր Սահակ Մինասյանը շատ լուրջ քայլի է գնացել, և մայիսի 15-ին ռեկտորի պաշտոնակատար կնշանակվի ռեկտորի տեղակալ Երվանդ Սերոբյանը։

«Սա փոխզիջումային և ողջունելի տարբերակ է, որպեսզի բուհում վերականգնվի ակադեմիական մթնոլորտը։ Սա մի լուծում է, որը թույլ կտա դուրս գալ ստեղծված իրավիճակից։ Նոր խորհուրդը ձևավորվելուց հետո կանդրադառնա կառուցվածքային փոփոխություններին», - ասել է Արայիկ Հարությունյանը։

Մայիսի 14-ին ՇՊՀ խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարական էր ներկայացրել Ֆելիքս Ցոլակյանը։

Ընթերցեք նաև.ԿԳ նախարար. Կադրային փոփոխություններ լինելու են, բայց ոչ շատ կտրուկ