23 մայիսի 2018 - 13:04 AMT
Փախչանյանը՝ ԿԳ նախարարին. «Այո, մենք պիտի ունենանք էլիտար կրթություն»

«Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանն արձագանքել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառմանը, որում նա անդրադարձել էր «Այբ» կրթական հիմնադրամին և դրա համահիմնադիր, դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Մեսրոպին:

Արայիկ Հարությունյանը գրել էր, որ հանձնարարել է կազմակերպել Արարատյան բակալավրիատի ֆինանսական աուդիտ:

«Դրա արդյունքներից հետո կխոսենք: Շարունակում եմ համարել, որ Սերժ Սարգսյանի նախկին խորհրդական Տեր Մեսրոպը հանրակրթության ոլորտին ամենամեծ վնասը հասցրած մարդկանցից է: Այսքանը»,- մասնավորապես գրել էր նախարարը:

«Էլիտար կրթության» թեման մատի փաթաթան սարքած գործիչներին մի պատասխան եմ ուզում տալ։ Այո, մենք պիտի՛ ունենանք էլիտար կրթություն Հայաստանում՝ հասանելի բոլորին։ Եթե չբերես քո կրթությունը աշխարհում առկա լավագույն նմուշների մակարդակի, միշտ կմնաս ճղճիմ վիճակներում։ Մեր արածը էլիտարիզմ չէ։ Մեր արածը կոչվում է հավակնություն», -գրել է Փախչանյանը ֆեյսբուքյան իր էջում:

Նույն թեմայով մեկ այլ գրառման մեջ նա ՀՀ բոլոր նոր ղեկավարներին խորհուրդ է տվել «փոխարենն անընդհատ նախորդների սխալները վերհանելը, տեր կանգնել գործին և առաջ տանել»:

«Դուք էլ եք սխանլեր գործելու, հաջորդը դրանց հետևանքներին պիտի տեր կանգնի։ Եվ այդպես շարունակ։ Դա է ամուր պետությունը կառուցելու միակ ճանապարհը», - նշել է նա:

Ավելի վաղ, «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը բաց նամակ-արձագանք է հղել մայիսի 20-ին ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հնչեցրած խոսքին.«Էլիտար դպրոցներին ՀՀ ԿԳՆ-ն չի աջակցելու, տեր մեսրոպներին գումարներ չեն գնալու՝ 100-ավոր միլիոն դրամներ, որոնք գնում են մասնավոր դպրոցների»: