«Այբ» հիմնադրամի արձագանքը նախարարին. «Այբ» դպրոցը երբևէ պետական ֆինանսավորում չի ստացել

«Այբ» հիմնադրամի արձագանքը նախարարին.  «Այբ» դպրոցը  երբևէ պետական ֆինանսավորում չի ստացել

PanARMENIAN.Net - «Այբ» կրթական հիմնադրամը արձագանքել է մայիսի 20-ին ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, որում անդրադարձ կար պետության կողմից ֆինանսավորվող որոշ կրթական ծրագրերի:

«Էլիտար դպրոցներին ՀՀ ԿԳՆ-ն չի աջակցելու, տեր մեսրոպներին գումարներ չեն գնալու՝ 100-ավոր միլիոն դրամներ, որոնք գնում են մասնավոր դպրոցների», - մասնավորապես ասել էր նախարարը:

Հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նախարարի հայտարարությունն արված է անբավարար կամ սխալ տեղեկատվության հետևանքով։

«Եթե ակնարկում եք «Այբ» դպրոցին, ապա այն որևէ ձևաչափով երբևէ պետական ֆինանսավորում չի ստացել։ Այն շահույթ չհետապնդող կազմակերպություն է՝ հիմնադրամի կարգավիճակով։ «Այբ» դպրոցը կառուցվել է բացառապես հարյուրավոր բարերարների միջոցներով, իր գործունեության համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները հավաքում է բարերարների և ծնողների մասնակցությամբ», - ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ կառավարության 2014 թ. հունիսի 12-ի որոշմամբ՝ «Այբ»-ի մրցունակ կրթական ծրագիրը հանրակրթական այլ դպրոցներում ներդնելու համար պետք է ստեղծվեր առանձին «Կրթության գերազանցության ազգային կենտրոն» հիմնադրամ, սակայն ««Այբ»-ից անկախ տարբեր պատճառներով, այդ թվում՝ ծախսերի նվազեցման նպատակով, կառավարության մեկ այլ՝ հոկտեմբերի 16-ի որոշմամբ՝ ծրագրի իրականացումը հանձնվեց «Այբ» կրթական հիմնադրամին»:

«Այս պահին ևս մեկ անգամ հայտնում ենք պատրաստակամություն՝ քննարկելու մեր ստեղծած արդյունքը համապատասխան մարմնին փոխանցելու հնարավորությունը։ Մենք հասկանում ենք, որ շատ դժվար է հավատալ, որ նման կոռումպացված միջավայրում կարող են լինել անհատներ և կառույցներ, որոնք գործում են ազնիվ, բաց և գաղափարին հավատարիմ մնալով։ Սակայն «Այբ»-ը՝ իր գործունեությամբ և գոյությամբ, այս մոտեցումների ապացույցն է», - ասվում է հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---