Ոստիկանության այցը փաբեր ֆինանսական վնաս է հասցրել, ներողության ենք սպասում. Բաց նամակ քաղաքապետին

Ոստիկանության այցը փաբեր ֆինանսական վնաս է հասցրել, ներողության ենք սպասում. Բաց նամակ քաղաքապետին

PanARMENIAN.Net - Երևանյան փաբերի և ժամանցի վայրերի սեփականատերերը բաց նամակ են ուղղել մայրաքաղաքի քաղաքապետարանին, Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանին և ՀՀ ոստիկանությանը՝ պահանջելով գրավոր ներողություն խնդրել հունիսի 30-ի գիշերը մի շարք փաբեր և ակումբներ ոստիկանության աշխատակիցների այցելությունների համար, ինչպես նաև պարզել որոշ հանգամանքներ:

Հունիսի 29-ի լույս 30-ի գիշերը ոստիկանությունը ստուգումներ է իրականացրել երևանյան մի շարք փաբերում և ակումբներում։ Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնեցին ոստիկանության մամուլի ծառայությունից, գիշերն իրականացված այցերի մեջ որևէ արտառոց բան չի եղել։ «Ոստիկանությունը նախկինում էլ է նման գործողություններ իրականացրել։ Դրանք կապված էին համակեցության կանոնները չխախտելու` 23:00-ից հետո լռություն պահպանելու կարգի հետ»,- պարզաբանեցին ոստիկանությունից։

Ինչպես նշվում է նամակում, ամառային սեզոնի ընթացքում ժամանցի վայրերի ձեռք բերած շահույթը օգնում է փակել տարվա մնացած ամիսների ընթացիկ ծախսերն ու շահույթի բացակայությունը։

«Ձեզ ենք ներկայացնում գրավոր դժգոհություն՝ կապված շաբաթ օրը` հունիսի 30-ի գիշերը` ժամը 00:00-03:00-ին տեղի ունեցած միջադեպի հետ։ Նշված ժամանակահատվածում մեր ձեռնարկությունները ենթարկվեցին ոստիկանական զանգվածային այցի այն պահանջով, որ անջատենք երաժշտությունը, անմիջապես դուրս հրավիրենք հաճախորդներին և փակենք մեր գործունեության վայրերը։ Այնուհետև ոստիկանները պահանջեցին ներկայացնել 24-ժամյա աշխատանքի թույլտվության արտոնագիր։ Երաժշտությունն անջատելու իրենց պահանջը մեկնաբանվեց նրանով, որ գիշերային աշխատանքի թույլտվության արտոնագիրը չի ներառում կեսգիշերից հետո երաժշտություն միացնելու կետը»,- ասվում է նամակում։

Փաբերի սեփականատերերը շեշտում են, որ ունեն 24-ժամյա աշխատանք իրականացնելու թույլտվություն, կատարել են դրա հետ կապված բոլոր պետական վճարումները, սակայն այս տարի շատերը ստիպված են եղել շաբաթներ, իսկ ոմանք՝ նույնիսկ ամիսներ շարունակ սպասել այդ արտոնագրի թղթային օրինակին։

«Այդ իսկ պատճառով ոստիկանության ներկայացրած պահանջով կարողացել ենք ներկայացնել ոչ թե բուն արտոնագրի ֆիզիկական օրինակը, այլ միայն վճարման կտրոնները։ Այս ամենի հետևանքով ոստիկանությունը իր այցելած բոլոր օբյեկտներում պահանջեց փակել և դադարեցնել գործունեությունը տվյալ գիշերը։ Ավելին, որոշ պարագաներում ոստիկանության աշխատակիցները ներս էին մտնում առանց համապատասխան թույլատրագրի։ Բացի դա, ըստ մեր տեղեկությունների, ոստիկանությունը թաղապետարանի հետ իր գործողությունների մասին նախօրոք համաձայնություն չի ունեցել: Դա մեր՝ փոքր և միջին ձեռնարկատերերիս նկատմամբ մեր իրավունքների բացահայտ խախտում էր»,- ասվում է բաց նամակի մեջ։

Նշվում է, որ քաղաքապետարանի անփույթ աշխատանքի պատճառով ժամանցի վայրերը զգալի վնասներ են կրել։

«Մի կողմից՝ մեզ ասվում է, որ Հայաստանում զարգանալու է զբոսաշրջությունը, և Հայաստանը կունենա ներդրումների լայն դաշտ, մյուս կողմից՝ մենք ենթարկվում ենք ոստիկանության կողմից իրականացված հարձակմանը ժամանցային և գիշերային կյանքի՝ զբոսաշրջության հիմնական ոլորտներից մեկի նկատմամբ»,- հավելում են մայրաքաղաքի փաբերի սեփականատերերը։

Նրանց խոսքով՝ նմանատիպ այցերի շարունակական բնույթը կհանգեցնի այդ վայրերի գործունեության լիակատար դադարեցմանը։

«Մենք կոչ ենք անում վերանայելու այս բացասական մոտեցումը մեր գործունեության նկատմամբ և կրկին վստահեցնում ենք, որ կատարել ենք բոլոր համապատասխան պետական վճարումները՝ գործելով միմիայն օրինական դաշտում։

Վերը նշված այցի արդյունքում մենք ոչ միայն կրեցինք ծանր ֆինանսական վնաս, այլև դա ազդեց նաև մեր վարկանիշի վրա։ Մենք ակնկալում ենք ստանալ այս միջադեպի հետ կապված համապատասխան բացատրություն, պահանջում ենք, որ արտոնագիր ստանալու խնդիրը շուտափույթ լուծում ստանա։ Ինչպես նաև պահանջում ենք, որ այսուհետ մենք ստանանք մեր արտոնագրերը համապատասխան վճարումները կատարելուց հետո 24 ժամվա ընթացքում։

Մենք ակնկալում ենք ստանալ գրավոր ներողություն՝ ուղղված բոլոր այն օբյեկտներին, որոնք փակվեցին վերը նշված ժամանակահատվածում ոստիկանության այցերի պատճառով, բոլոր հաճախորդներին, որոնք մեզ պես տուժեցին այդ այցերի հետևանքով։ Մենք նաև ակնկալում ենք կրած վնասների համար ֆինանսական փոխհատուցում»,- ասվում է բաց նամակում:

Նամակին միացել են 15-ից ավելի երևանյան փաբեր և ժամանցի վայրեր՝ The Venue Pub, Ace of Spades, Barcode, Adzoukh, 26 Irish Pub, Mane Cocktail Bar, Simona Cocktail Bar, Process, The Basement, The Kond House, Paparazzi Club, Daboo Bar, Eden Cafe Pub, The Beatles Pub, Hemingway’s, Fiction:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---