Ֆարմանյանի քույրը մեղադրվում է շրջանավարտներից մոտ 19,5 մլն դրամ հափշտակելու մեջ

Ֆարմանյանի  քույրը մեղադրվում է շրջանավարտներից մոտ 19,5 մլն դրամ հափշտակելու մեջ

PanARMENIAN.Net - «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» ՊՈԱԿ-ում շրջանավարտներից խաբեությամբ ավելի քան 19,4 մլն դրամ հափշտակելու դեպքի վերաբերյալ քրգործ է հարուցվել . հետախուզվում է ինստիտուտի նախկին պրոռեկտոր, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրը՝ Անահիտ Ֆարմանյանը, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ նախնական քննությամբ պարզվել է, որ 2012-2016թթ. ուսումնական տարիների ընթացքում շրջանավարտներին հատկացվող դիպլոմները և դրանց միջուկները պատվիրելու և հատկացնելու պատրվակով 3529 շրջանավարտից խաբեությամբ գումար են վերցրել, թեև այդ նպատակով գումար է դուրս գրված եղել, իսկ շրջանավարտներից հավաքված գումարը առերևույթ հափշտակվել է:

«Քրեական գործով բավարար տվյալներ են ձեռք բերվել «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի նախկին պրոռեկտոր` Ա.Ֆարմանյանի առնչության վերաբերյալ: Վերջինս ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և նրա նկատմամբ հայտարարվել հետախուզում: Նախկին պրոռեկտորի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը», - նշվում է հաղորդագրության մեջ։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ավելի վաղ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրել էր, որ փաստաբանները ճշտում են մեղադրող կողմի տարածած տեղեկությունները։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---