Մայրապետյանի պաշտպանը նոր միջնորդություն է ներկայացրել Գլխավոր դատախազին

Մայրապետյանի պաշտպանը նոր միջնորդություն է ներկայացրել Գլխավոր դատախազին

PanARMENIAN.Net - Հայտնի գործարար, «Հայկական երկրորդ» հեռուստաալիքի տնօրեն Սամվել Մայրապետյանի պաշտպան, փաստաբան Կարեն Բատիկյանը նոր միջնորդություն է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով քննարկել անձնական երաշխավորություններով Սամվել Մայրապետյանին ազատ արձակելու հարցը:

Մայրապետյանի համար երաշխավորություն է տվել մտավորականների ևս մի մեծ խումբ, այդ թվում ԳԱԱ ակադեմիկոսներ, թղթակից անդամներ, բուհերի ռեկտորներ, հայտնի գործարարներ և լրագրողներ, պրոդյուսերներ, ստեղծագործական միավորումների ղեկավարներ, հայտնում է Aysor.am-ը:

Նրանք իրենց գրավոր պարտավորությունն են ներկայացրել առ այն, որ իրենց խոսքով և մուծվող գումարով երաշխավորում են Սամվել Մայրապետյանի պատշաճ վարքագիծը՝ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալը և այլ դատաիրավական պարտականություններ կատարելը:

Փաստաբան Բատիկյանի միջնորդության մեջ նաև ասվում է, որ նմանատիպ անձնական երաշխավորություն են ստանձնել նաև մեկ տասնյակից ավելի լրատվամիջոցների ղեկավարներ ու լրագրողներ՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարին, ՀՀ Գլխավոր դատախազին և ՀՀ ՀՔԾ պետին՝ 2018 թվականի նոյեմբերի 13-ին հասցեագրված բաց նամակով:

Հիշյալ նամակով վստահություն վայելող բազմաթիվ անձինք իրենց մտահոգությունն են հայտնել առանց բավարար հիմքենրի և առողջական լուրջ խնդիրներ ունեցող Սամվել Մայրապետյանին ազատությունից զրկելու վերաբերյալ: Հաշվի առնելով միջնորդության մեջ ներկայացված հանգամանքները՝ փաստաբան Բատիկյանը ՀՀ Գլխավոր դատախազին խնդրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 3-րդ մասի կարգով փոխել Սամվել Մայրապետյանի խափանման միջոցը՝ անձնական երաշխավորությամբ:

Սամվել Մայրապետյանի փաստաբանի միջնորդությունը ՀՀ Գլխավոր դատախազություն մուտքագրվել է նոյեմբերի 16-ին և ՀՀ Քրեական դատավարության օրենգրքի 199-րդ հոդվածի համաձայն պետք է քննվի 5-օրյա ժամկետում, այսինքն մինչև 2018-ի նոյեմբերի 21-ը ՀՀ գլխավոր դատախազը պետք է բավարարի կամ մերժի Կարեն Բատիկյանի միջնորդությունը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը գրավոր պարզաբանումներ է պահանջել իրավապահ մարմիններից հայտնի գործարար Սամվել Մայրապետյանի գործով: Նա նշել է, որ առաջադրված հարցերը վերաբերում են կալանքի հիմքերին, առողջական վիճակին։

Հատուկ քննչական ծառայությունը գործարար, Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311 հոդվածի հատկանիշներով՝ «կաշառք ստանալուն օժանդակելը»։Սամվել Մայրապետյանը կալանավորված է։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---