Աշոտյան. Հունաստանում կամ Իտալիայում որևէ մեկի մտքով չի անցնի փակել մշակույթի նախարարությունը

Աշոտյան. Հունաստանում կամ  Իտալիայում որևէ մեկի մտքով չի անցնի փակել մշակույթի նախարարությունը

PanARMENIAN.Net - ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է նախարարությունների նախատեսվող օպտիմալացմանը՝ նշելով, որ ԿԳՆ-ն տեղից մեծ նախարարություն է, ահռելի ծանրաբեռնվածությամբ, անհամար գործառույթներով, օրուգիշեր աշխատելու դեպքում հազիվ-հազ իր գործերը հասցնող:

Ըստ նրա, նախարարությունը որևէ նոր բեռ չի ձգի, անկախ անձերից:

«Մշակույթի նախարարություն ունեն բոլոր այն երկրները, որոնց համար ազգային ինքնության պահպանման հարցը կարևոր է, որոնք ունեն մշակութային ահռելի ժառանգություն, կամ որոնց համար, պատմության բերումով, մշակույթը նաև քաղաքական իմաստ ունի: Որևէ մեկի մտքով Հունաստանում, Իտալիայում կամ Սերբիայում չի անցնի փակել մշակնախը: Հայ-ադրբեջանական դիմակայության մեջ այս տարվա մեծագույն հարվածը մենք իրականում ստացել ենք UNESCO-ում, որտեղ մերոնց անգործության և դիլետանտիզմի պատճառով ադրբեջանցիները կարողացան գրանցել իրենց քոչարիանման պարը, այն էլ՝ երբ անցյալ տարի մեր ջանքերով քոչարին արդեն գրանցաված էր ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում որպես հայկական երևույթ: Այս պատմության ամենավտանգավոր պահը նա է, որ ադրբեջանցիները այդ պարը գրանցել են, ուշադրություն, որպես Նախիջևանի տարածաշրջանային պար: Հասկանու՞մ եք, ինչ է կատարվել»,-ասվում է գրառման մեջ:

Նա նշել է նաև, որ ժամանակին սփյուռքի նախարարություն ստեղծելը երկու հիմնական նպատակ ուներ՝ 1. ԱԳՆ-ն չէր կարողանում համարժեք լինել Սփյուռքի ներուժը ամբողջությամբ օգտագործելու հրամայականին; 2. դա նաև լրջագույն ուղերձ էր արտաքին քաղաքականության մեջ, հատկապես հաշվի առնելով հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների մարտահրավերները: Ըստ Աշոտյանի, պատահական չէր, որ Ադրբեջանը մեզանից հետո նույնպես փորձում է ինստիտուցիոնալիզացնել իր աշխատանքը այդ ոլորտում: Ակնհայտ է, որ մեր այսօրվա ԱԳՆ-ն չի կարողանալու լիարժեք լուծել առկա խնդիրները:

«Պետական կառավարման համակարգի օպտիմալացումը չի կարող ինքնանպատակ լինել: Այսօրվա իշխանությունների կողմից աջուձախ իրականացվող, կասկածելի հիմնավորմամբ և արդյունավետությամբ ճոխ ծախսերի ֆոնի վրա հազարավոր մարդկանց հասցվող այս սոցիալական հարվածը որևէ աղերս չունի հայտարարված նպատակների հետ»,-ասվում է Աշոտյանի գրառման մեջ:

Մշակույթի և սփյուռքի նախարարությունների աշխատակիցները վաղ առավոտից հավաքվել էին նախարարությունների շենքի մոտ՝ բողոքելով նախարարությունների օպտիմալացման դեմ: Նրանք հայտնեցին գործադուլ հայտարարելու մասին, այնուհետև, արդեն կառավարության շենքի մոտ պահանջում էին իրենց բաց նամակը փոխանցել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ մշակույթի նախարարությունը կարող է միացվել կրթության և գիտության նախարարությանը, իսկ սփյուռքի նախարարությունն ընդհանրապես կարող է լուծարվել:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---