ԵՄ-ն ակնկալում է` ԼՂ խնդրի կողմերը լիարժեք կիրագործեն ձեռք բերված պայմանավորվածությունները

ԵՄ-ն ակնկալում է` ԼՂ խնդրի կողմերը լիարժեք կիրագործեն  ձեռք բերված պայմանավորվածությունները

PanARMENIAN.Net - Եվրամիությունը դրական ազդակներ է տեսնում ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցություններում, և ակնկալում է, որ կողմերը լիարժեքորեն կիրագործեն վերջին հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունները: Այդ մասին ասված է ԵՄ արտաքին հարաբերությունների գծով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի գրասենյակի տարածած հայտարարությունում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին շփումները, ինչպես նաև արտգործնախարարների հանդիպումները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, դրական ազդակներ են հաղորդում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը»,֊ հայտարարել է ԵՄ արտգործնախարարի խոսնակ Մայա Կոսիյանչիչը:

Նա հավելել է. «Եվրամիությունը սպասում է դրանց արդյունքների լիարժեք իրագործմանը, այդ թվում`արտգործնախարարների վերջին համաձայնության կատարմանը, ըստ որի անհրաժեշտ է կոնկրետ միջոցներ ձեռնարկել` իրենց հասարակություններին խաղաղության պատրաստելու ուղղությամբ, ինչպես նաև դիտարկել քայլեր` բանակցությունները վերականգնելու համար»:

«Եվրամիությունը շարունակում է լիովին աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, այդ թվում` ԵՄ Կովկասի գծով հատուկ ներկայացուցչի միջոցով, ինչպես նաև կողմերի միջև վստահությունն ամրապնդող միջոցառումներով: Բոլորը կշահեն տևական խաղաղությունից, որը հնարավորություն կտա Հարավային Կովկասին ամբողջովին իրացնել իր հնարավորությունները», ֊ տարածված հայտարարությունը եզրափակում է ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ևս ողջունել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը Փարիզում հունվարի 16-ին՝ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մամուլի քարտուղար Ստեֆան Դուջարիկի տարածած հայտարարության մեջ:

Հունվարի 16-ին Փարիզում ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի ու Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպմանընթացքում քննարկվել է խաղաղ գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ներառյալ ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն, անվտանգությանն ու տարածաշրջանային կայուն զարգացմանն առնչվող հարցեր: Ինչպես տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, տեղի է ունեցել մտքերի օգտակար և կառուցողական փոխանակում, ինչն ուղղված էր նաև առավել լայն փոխըմբռնման և փոխվստահության հաստատմանը:

Հանդիպումը տևել է ավելի քան չորս ժամ։

 Ուշագրավ
Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին
Ավելի վաղ ԱՀ նախագահը հանդիպել էր Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ
Նա նշել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը չի կարող անտարբեր և լուռ մնալ
---