7 օգոստոսի 2019 - 14:04 AMT
Քոչարյանի պաշտպան. Մեզ տրամադրված նյութերում BBC-ի հոդվածում նշված հանգամանքները հաստատող տվյալ չկա

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի փաստաբաններ Արամ Օրբելյանն ու Հովհաննես Խուդոյանը լրագրողների հետ հանդիպմանը չեն հաստատել Մարտի 1-ի գործի վերաբերյալ BBC-ում հրապարակված որոշ տվյալներ։

Հոդվածում ասվում է որցուցարարների վրա կրակել են Արցախից եկած ուժայինները, որոնց հրամայել է Օգանովսկին (նա գործով վկայի կարգավիճակ ունի),ստորաբաժանումները տեղակայված են եղել ՀՀ նախագահականի նկուղում,իսկ Գագիկ Ծառուկյանը և Սամվել Ալեքսանյանը ֆինանսավորել են գաղտնի շտաբը։

Խուդոյանը հայտարարել է, որ պաշտպաններին տրամադրված գործի նյութերում չկա մեկ ցուցմունք, կամ մեկ տվյալ, որ այդ հանգամանքները հաստատվել են, հայտնում է Aysor.am-ը:

Խուդոյանն ասել է, որ հոդվածագիրը նշել է, թե իրենց հայտնի են դարձել գործով տվյալներ, ու ավելացրեց. «Պետք է պարզել՝ ի՞նչ է հասկանում հոդվածագիրը՝ նշելով, որ գործով պարզ է դարձել։ Եթե քննիչը հարցադրում է անում՝ արդյոք այս հանգամանքներն իրականությու՞ն են կամ մենք ունենք օպերատիվ տվյալներ, որ այս հանգամանքները կան, դա դեռ չի նշանակում, որ այդ հանգամանքները հաստատվել են։ Գոնե մեկ վկա պետք է դա հաստատի։ Պնդում եմ, որ մեզ տրամադրված գործի նյութերում չկա մեկ ցուցմունք, որ այդ հանգամանքները հաստատվել են։ Ասեմ ավելին՝ եթե մեկ ցուցմունք լիներ, որ դա հաստատեր, հիմա վաղուց աղմուկը լսել էիք»։

Լրագրողի հարցին, թե չկա՞ն փաստեր, որոնց հիման վրա քննիչները նման հարցեր են տվել, փաստաբանը կրկնեց, որ ՀՔԾ-ի կողմից իրենց տրամադրած գործի նյութերում նման տեղեկություններ չկան։ «Մեզ տրամադրված գործի նյութերում չկա մեկ տվյալ, որ այդ հոդվածում նշված հանգամանքները հաստատվում են։ Ընդամենը քննիչի հարցերն են այդ մասին», - ավելացրել է Խուդոյանը։

Քոչարյանի մյուս փաստաբան Արամ Օրբելյանն էլ նկատել է, որ ինքը հոդվածագրին արձագանքել է՝ հերքելով այդ տեղեկությունները, նշելով, որ դրանց մասին նյութերում որևէ հանգամանք չկա։

Նա նաև ասել է, որ պատրաստվում են հարցեր ուղղել լրատվամիջոցին՝ պարզելու՝ ի՞նչ հիմքերի հիման վրա և ինչո՞ւ է այս պահին հրապարակվել այդ հոդվածը։