25 դեկտեմբերի 2019 - 09:34 AMT
ՄԻՊ․ Խիստ դատապարտելի է «Կենտրոն» հ/ը նկարահանող խմբի վրա հարձակումը

Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել «Կենտրոն» հեռուստաընկերության նկարահանող խմբի նկատմամբ արձանագրված միջադեպի առնչությամբ՝ այն որակելով որպես խիստ դատապարտելի։

Հայտարարության մեջ նշվում է, որ լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը կամ դրան ոչ իրավաչափ միջամտելն անթույլատրելի է՝ անկախ որևէ մեկի համակրանքից կամ հակակրանքից:

«Լրագրողը կամ լրատվամիջոցի որևէ այլ ներկայացուցիչ պարզապես կատարում են իրենք մասնագիտական աշխատանքը։ Նրանք այդ կերպ ապահովում են մեզնից յուրաքանչյուրի, ողջ հանրության տեղեկացված լինելու իրավունքը: Նրանց այդ աշխատանքը պաշտպանված է մեր երկրի Սահմանադրությամբ ու օրենքներով:

Մարդու իրավունքների պաշտպանը խիստ դատապարտելի ու մտահոգիչ է համարում «Կենտրոն» հեռուստաընկերության լրատվական ծրագրի նկարահանող խմբի անդամների նկատմամբ այսօր արձանագրված վերաբերմունքը:

Քաղաքացիական որևէ ակցիա իրականացնելիս կամ որևէ հարցի առնչությամբ բողոք արտահայտելիս պետք է գործել օրենքին համահունչ, հարգել այլոց իրավունքներն ու արժանապատվությունը և չխոչընդոտել այլոց մասնագիտական աշխատանքը», ասվում է հայտարարության մեջ, հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արարատի մարզի Հովտաշատ գյուղի 6 տասնյակից ավելի բնակիչներ հարձակվել «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծրագրի լրագրողի և օպերատորի վրա:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հեռուստաընկերության լրատվական բաժնի ղեկավար Վարդուհի Մելտոնյանը՝ հավելելով, որ լրագրողների հասցեին հնչել են վիրավորանքներ և սպառնալիքներ:Հեռուստաընկերության լրատվական բաժնի ղեկավարը նշել է՝ սա հերթական դեպքն է, որ թիրախավորում են լրատվամիջոցին: Նա հույս է հայտնել, որ մեղավորները կպատժվեն: