Վենետիկի հանձնաժողովի նախագահ․ ՀՀ ՍԴ շուրջ վերջին զարգացումները չեն բավարարում մեր չափանիշներին

Վենետիկի հանձնաժողովի նախագահ․ ՀՀ ՍԴ շուրջ վերջին զարգացումները չեն բավարարում մեր չափանիշներին

PanARMENIAN.Net - Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջովանի Բուքիքիոն անդրադարձել է Հայաստանում Սահմանադրական դատարանի ու գործադիրի և օրենսդրի միջև վերջին օրերին հերթական անգամ թափ առած լարմանը։ Տարածած հայտարարությունում Բուքիքիոն նշել է, որ կիսում է ԵԽ համազեկուցողների մտահոգությունները ՀՀ-ում իրավիճակի շուրջ։

«Ես ցանկանում եմ կրկնել Հանձնաժողովի՝ 2019-ի հոկտեմբերին հրապարակած կարծիքում տեղ գտած առաջարկներն առ այն, որ ՍԴ-ից վաղաժամ թոշակի անցնելու ցանկացած սխեմա պիտի մնա բացառապես կամավոր, բացառի որևէ քաղաքական կամ անձնական ճնշում ու չազդի քննվող գործերի արդյունքի վրա», - նշել է նա։

2019-ի դեկտեմբերի 27-ին ՀՔԾ-ն Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք էր առաջադրել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»՝ նոտարական գրասենյակների տարածքների սեփականաշնորհման հետքերով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Թովմասյանն իր դեմ հետապնդումն անհիմն է համարում։

Բուքիքիոյի խոսքով` ՀՀ-ում վերջին օրերին արված հրապարակային հայտարարությունները չեն բավարարում իրենց չափանիշներին ու «օգտակար չեն իրավիճակի լիցքաթափման տեսանկյունից»։

«Ժողովրդավարական մշակույթն ու հասունությունը պահանջում են ինստիտուցիոնալ զսպվածություն, բարեխղճություն ու պետական ինստիտուտների փոխադարձ հարգանք։ Կրկին կոչ եմ անում զսպվածություն ցուցաբերել ու լիցքաթափել անհանգստացնող իրավիճակը՝ ՀՀ սահմանադրության նորմալ ֆունկցիոնալությունն ապահովելու նպատակով», - նշել է նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում ասուլիսի ընթացքում մեղադրել էր Թովմասյանին իրեն քծնելու մեջ, իսկ Թովմասյանի՝ ապացույցներ ներկայացնելու պահանջից հետո որպես այդպիսին բերել էր վերջինիս նվիրած գրիչը։ Թովմասյանը հայտարարել էր, որ մտորում է վարչապետին իր հայտարարության կապակցությամբ դատի տալու վերաբերյալ։ Իշխանական տարբեր ներկայացուցիչներ մեղադրում են Թովմասյանին իշխանության ուզուրպացման մեջ, նա ու նախկին ղեկավարության ներկայացուցիչները համարում են ՍԴ վրա «գրոհը» քաղաքականապես մոտիվացված։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---