1 հոկտեմբերի 2020 - 09:46 AMT
Թուրքական և ադրբեջանական ռազմական ինքնաթիռների տեղաշարժի սխեմա է հրապարակվել

Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում սխեմա է հրապարակել ղարաբաղյան հակամարտության գոտում թուրքական և ադրբեջանական ռազմական ինքնաթիռների տեղաշարժի վերաբերյալ:

«Այսօր ավելի վաղ ներկայացված օդային իրադրության դրվագ...»,-ասվում է գրառման մեջ։

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 10:00-ից, սկսած Թուրքիայի օդուժի՝ Քյուրդամիրից թռիչքներ իրականացնող երկու F-16 կործանիչը, ինչպես նաև ադրբեջանական օդուժի ՍՈւ-25 տիպի գրոհիչները, «Բայրաքթար» տիպի հետախուզահարվածային ԱԹՍ-ը մեծ բարձրությունների վրա հրթիռառմբային հարվածներ են հասցրել Արցախի Հադրութի և Մարտունու շրջանների բնակավայրերին:

Օդուժը գործել է թուրքական E7-T օդային հեռավար հրամանատարական կետի կառավարմամբ Էրզրում-Ղարս հատվածից: Հավանական է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի ղեկավարությունը գտնվում է ինքնաթիռի մեջ:

Բացի այդ, Հադրութի շրջանի սահմանից որոշակի խորության վրա գործել է թուրքական ԱԹՍ հրամանատարական կետը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):