5 փետրվարի 2021 - 12:26 AMT
ՄԻՊ․ Ծնողներն ու ուսուցիչները բավարար տեղեկացված չեն համացանցի վտանգներից

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, վելուծելով ծնողներից և ուսուցիչներից ստացվող ահազանգերը թվային միջավայրում երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ, նշում է, որ ծնողներն ու ուսուցիչները բավարար տեղեկացված չեն համացանցի վտանգներից ու խնդիրներից։

Նշվում է, որ վերջերս, համացանցում լայն տարածում են գտել երեխաների կյանքի և առողջության համար վտանգավոր խաղեր, որոնք անկառավարելի տարածում են ստացել ամբողջ աշխարհում և մեծ սպառնալիք են երեխաների, հատկապես՝ դեռահասության տարիքում գտնվող երեխաների առողջ զարգացման համար: Ցավոք, մեր երկրում նույնպես տարածում են գտել այդպիսի խաղեր։

Նշվածը պահանջում է երեխաների ծնողների, այլ օրինական ներկայացուցիչների, ուսուցիչների կողմից առավել մեծ ուշադրություն և զգոնություն, հստակ կանխարգելիչ միջոցներ, այդ թվում՝ ուղղված երեխաների համար թվային միջավայրում անվտանգության մեխանիզմների կատարելագործում:

Երեխաները նույնպես պետք է իմանան, թե ինչպես խուսափեն վտանգներից կամ ինչպես պաշտպանեն իրենց համացանցում, քանի որ նորարարական տեխնոլոգիաների միջավայրը գրավիչ ազդեցություն ունի երեխաների վրա:

Նշվում է, որ թվային միջավայրում երեխաների պաշտպանության վերաբերյալ օգտակար խորհուրդներ երեխաներն ու նրանց ծնողները, ինչպես նաև ուսուցիչները կարող են գտնել «Թվային միջավայրում երեխաների իրավունքները հարգելու, պաշտպանելու և իրացնելու համար» ուղեցույցում, որն ընդունվել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից: Տվյալ ուղեցույցը պարունակում է առաջարկություններ Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր պետությունների համար:

Ուղեցույցի հայերեն թարգմանությունը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ներկայացրել է դեռևս 2018-ին:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պարբերաբար կազմակերպում է սեմինարներ ուսուցիչների համար՝ ուշադրություն դարձնելով թվային միջավայրում երեխաների անվտանգության վերաբերյալ ինֆորմատիկայի ուսուցիչների իրազեկվածության բարձրացմանը։ Այդ դասընթացներին արդեն իսկ մասնակցել է մոտ 100 ուսուցիչ:

Վերջին օրերին սոցցանցերի հայ օգտատերերը սկսել են ակտիվորեն քննարկել «Կապույտ կետ» («Синий кит») համակարգչային «խաղը», որի գոյության փաստը, սակայն, ապացուցված չէ: Քննարկումները սկսվեցին այն բանից հետո, երբ հունվարի 31-ին Հրազդանի կիրճում ծառից կախված գտնվեց 15-ամյա պատանին, որին նախորդ օրվանից փնտրում էին ծնողներն ու փրկարարները: Համացանցում հայտնվեց վարկած, որ տղայի ինքնասպանության պատճառը համակարգչային խաղն է:

Ընթերցեք նաև․ Փորձագետը՝ «Կապույտ կետի» մասին․ Առաջին վտանգը դրա շուրջ միֆեր սնելն է