9 փետրվարի 2021 - 13:22 AMT
ՀԿ-ները՝ «Իմ քայլին»․ Արտահերթից հրաժարվելը հիմք է տալիս ենթադրելու՝ նեղ շահից դրդված եք շահարկում հանրային պահանջի գաղափարը

Իշխանության պնդումը, թե լայն հանրության շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ, նույնքան մանիպուլյատիվ է, որքան խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության պնդումը, թե գործող կառավարության կողմից կազմակերպված ընտրությունները անպայմանորեն լինելու են իրենց օգտին կեղծված, հայտարարել են Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնն ու գործընկեր 10 հասարակական կազմակերպությունը։

«Ստեղծված իրավիճակում արտահերթ ընտրություններից հրաժարվելը հիմք է տալիս ենթադրելու, որ խորհրդարանական մեծամասնությունը փաստացի իր նեղ կուսակցական շահից դրդված է շահարկում հանրային պահանջի գաղափարը` իրապես չցանկանալով իմանալ կամ հաշվի առնել այն: Կառչելով մանդատից և արտոնություններից՝ կուսակցական շահը հանրայինին գերադասելու անպատասխանատվությամբ այն որևէ կերպ չի տարբերվում նախորդ՝ 2018թ. ժողովրդական հեղափոխության արդյունքում մերժված իշխանություններից»,- հայտարարել են ՀԿ-ները։

2021-ի փետրվարի 7-ին ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո արձանագրել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից և հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ:

ՀԿ-ների ներկայացուցիչները պնդել են, թե քաղաքական որոշ շրջանակների կողմից կազմակերպվող բողոքի ցույցերը հանրային լայն աջակցություն չեն ստցել նաև այն պտճառով, որ «նախկին ոչ ժողովրդավարական ու կոռումպացված համակարգի վերականգնման սպառնալիք կար» և հույս, որ ներկա քաղմեծամասնությունն արտահերթի կգնա։

Ըստ ՀԿ-ների՝ հանրության զգալի մասը չունի որևէ վստահություն, որ ներկա իշխանությունները կարողունակ են ոչ միայն դիմագրավելու պատերազմի հետևանքով ստեղծված ներքին և արտաքին նոր մարտահրավերներին, այլև ապահովելու Հայաստանի խաղաղ զարգացման երաշխիքներ։

«Վերահաստատելով արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը՝ մենք, քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ ներկայացուցիչներս, պահանջում ենք «Իմ քայլը» խմբակցությունից՝ գիտակցել սեփական պատասխանատվությունը ՀՀ քաղաքացիների ու պետության առջև և 2021 թվականի քաղաքական օրակարգ վերադարձնել արտահերթ ընտրությունների կազմակերպման հարցը՝ մինչ այդ սեղմ ու հստակ ժամանակացույցով ապահովելով ընտրական ու հարակից օրենսդրության բարեփոխումը և նախապատրաստելով ընտրական հանձնաժողովներն ու դատաիրավական համակարգը ընտրական օրենսդրության նվազագույն պահանջների ապահովմանը», - նշված է հայտարարության մեջ:

Ընթերցեք նաև․ Մակունց․ Ընդդիմությունը դրական չի արձագանքել արտահերթ ընտրությունների առաջարկին