11 փետրվարի 2021 - 13:33 AMT
ՀՀ ԱԳ նախարարը տեղյակ չէ Դավիթ Բեկ-Գորիս ճանապարհի մասով պայմանավորվածությունից

Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը տեղյակ չէ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուաստանի միջև եղած որևէ այլ համաձայնությունից՝ բացի նոյեմբերի 10-ի և հունվարի 11-ի պայմանավորվածությունները: Այդ մասին հայտնել է ինքը՝ նախարարը, փոխանցում է Aysor.am-ը։

Փետրվարի 10-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի երկու հայտարարությունից բացի՝ կա Դավիթ Բեկ - Գորիս ճանապարհահատվածին վերաբերող ևս մեկ պայմանավորածություն, քանի որ ճանապարհը վիճարկելի հատվածներով էր անցնում:

Հարցին, թե արտաքին գերատեսչության ղեկավարի համար խնդրահարույց չէ, որ ինքը տեղյակ չէ նշված պայմանավորվածությունից, նախարարն արձագանքել է, որ արտաքին գերատեսչության ղեկավարը պատասխանատու է արտաքին ոլորտի համար:

«Մեր ոլորտին վերաբերող գործառույթները մենք կատարում ենք լիարժեք», - ասել է Այվազյանը:

Պատերազմից հետո հայկական կողմը ստիպված է եղել Արցախում ու ՀՀ որոշ հատվածներում զիջումների գնալ։ Մասնավորապես Սյունիքի ու Գեղարքունիքի մի շարք բնակավայրերից տներ ու հողատարածքներ են մնացել ադրբեջանական կողմում։ Սահմանազատման աշխատանքները կատարվել են GPS-ով ու ըստ ԽՍՀՄ քարտեզների։

Ավինյան․ Եվս մեկ եռակողմ պայմանավորվածություն կա՝ Դավիթ Բեկ-Գորիս ճանապարհի մասով