Սոթքի ոսկու հանք տանող ճանապարհը և երկաթգիծը դեռ փակ են․ Աշխատողները նախկինից 4-5 անգամ պակաս են ստանում

Սոթքի ոսկու հանք տանող ճանապարհը և երկաթգիծը դեռ փակ են․ Աշխատողները նախկինից 4-5 անգամ պակաս են ստանում

PanARMENIAN.Net - Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցները շարունակում են հանք տանող ավտոճանապարհը և երկաթգիծը փակ պահել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Նրան են դիմել հանքավայրի աշխատակիցները՝ դժգոհելով, որ արդեն մի քանի ամիս է արդյունահանման ծավալների նվազման պատճառով 4-5 անգամ պակաս են ստանում։

«Աշխատակիցները ամսվա վերջում են միայն պարզում, թե ինչքան աշխատավարձ են ստանալու։ Ընդ որում՝ նախկինում ստացած աշխատավարձից 4-5 անգամ պակաս։ Ապրիլի 16-ին նրանք հանդիպել են «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտինի հետ, որը լսել է աշխատակիցների պահանջը, բայց խնդիրը ցավոք չի լուծվել։

Ապրիլի 17-ին կրկին ինձ հետ են կապվել աշխատակիցները, ովքեր մասնավորապես նշեել են, որ հուսով էին՝ խնդիրը կկարգավորվի, սակայն դեռևս լուծում չի ստանում, և իրենք վիրավորված են։ Հանքավայրի աշխատակիցները հավելում են, որ առօրյա ընտանեկան ծախսերի հետ մեկտեղ ունեն վարկեր, որոնց մարման պարտավորությունների կատարման մասով լրջագույն խնդիրներ են ունենում և բնականաբար վարկեր վերցնելուց առաջ չէին կարող կանխատեսել, որ ոչ իրենց մեղքով փաստորեն այսպիսի խնդրի առաջ են կանգնելու»,-ասվում է գրառման մեջ։

Պատգամավորը նշել է որ, հասկանալով հետպատերազմական փուլում առկա դժվարությունները, ակնկալում է իրավասու և օժանդակության որևէ լծակ ունեցող բոլոր օղակներից, որ առաջնահերթ կդիտարկեն ծանր իրավիճակում հայտնված հայրենակիցներին աջակցելու հարցը։

«Հ.Գ. Ինչպես բազմիցս ահազանգել եմ, հանքավայրի մոտ 300 աշխատակիցներ էլ կրճատվել են, քանի որ հանքի տարածքի մեծ մասը գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ»,-հավելել է պատգամավորը։

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի ոսկու ամենամեծ՝ Սոթքի հանքի մի մասն անցել է Ադրբեջանին։ Սոթքի հանքավայրը և այն շահագործող «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը տնտեսական կարևոր նշանակություն ունեն․ 2020-ի 3 եռամսյակի դրությամբ ընկերությունը 4-րդն է Հայաստանի 1000 խոշոր հարկատուի ցանկում վճարած 16․2 մլրդ դրամի հարկերով։ 2019-ին ընկերությունը մոտ 13․7 մլրդ դրամ հարկ էր վճարել՝ դառնալով երկրում 9-րդ հարկատուն։ Հանքավայրից բացի, ընկերությունը տնօրինում է նաև դրա աշխատանքից կախված Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը։

Ընթերցիր նաև․ Սոթքի ոսկին «կիսելու» տնտեսական հետևանքները

 Ուշագրավ
«Պաշտպանը որևէ առնչություն չունի քաղաքական որևէ գործընթացի հետ»,- նշվում է հաղորդագրության մեջ
Քրոնիկ հիվանդություն չունեցող մինչև 55 տարեկան պատգամավորները պատվաստվել են AstraZeneca-ով
Նախագիծը ներկայացրել է Անահիտ Ավանեսյանը
Նրա կողմից ծառայողական պարտականությունների կատարումը կասեցվել է