Սոթքի ոսկին «կիսելու» տնտեսական հետևանքները

Սոթքի ոսկին «կիսելու» տնտեսական հետևանքները

Խոշոր հարկատու կորցնելուց մինչև երկաթուղու խնդիրներ

Ընթացիկ տարում ընկերությունը ՀՀ 4-րդ հարկատուն է

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 26-ին վերջնականապես պարզվեց, որ Հայաստանում ոսկու ամենամեծ՝ Սոթքի հանքի մի մասը մնալու է Ադրբեջանի տարածքում։

Սոթքի հանքավայրը և այն շահագործող «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը տնտեսական կարևոր նշանակություն ունեն․ 2020-ի 3 եռամսյակի դրությամբ ընկերությունը 4-րդն է Հայաստանի 1000 խոշոր հարկատուի ցանկում վճարած 16․2 մլրդ դրամի հարկերով։ 2019-ին ընկերությունը մոտ 13․7 մլրդ դրամ հարկ էր վճարել՝ դառնալով երկրում 9-րդ հարկատուն։ Հանքավայրից բացի, ընկերությունը տնօրինում է նաև դրա աշխատանքից կախված Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը։

Դատելով 1000+ հիմնադրամի տվյալներից՝ ընկերությունում 2020-ին 1600-1700 աշխատող է եղել։

Սոթքի հանքում կա 133․5 տոննա ոսկի ու 175․6 տոննա արծաթ։

Geopromining-ի հաշվետվությունների համաձայն՝ Արարատի ոսկու կորզման գործարանը 2018-ին 1․4 տոննա հանքաքար է վերամշակել, 2019-ին՝ 1․55 մլն տ, իսկ 2020-ին պիտի վերամշակեր 1․6 մլն տոննա։

Ընկերությունը 2019 թվականին 154․5 հազար տրոյական ունցիա (մոտ 4.8 տոննա) ոսկի է արտադրել, վերջնական արտադրանքը հիմնականում արտահանվող դորե ձուլակտորներն են։ Սոթքի հանքավայրի կարևորությունն ու ոսկու արտահանման ծավալը պատկերացնելու համար նշենք՝ 2019-ին Հայաստանից 5.8 տոննա ոսկի է արտահանել՝ $224 մլն մաքսային արժեքով: ՀՀ-ից արտահանման ամբողջ ծավալը 2019 թվականին կազմել է $2․640 մլրդ։

Սոթքի հանքավայրը նաև տարածաշրջանում երկաթուղային բեռնափոխադրման գլխավոր «պատճառն էր». 2019-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն ու «Գեոպրոմայնինգ Գոլդը» ստորագրել էին 2020-ին հանքավայրից Արարատի ոսկու կորզման ֆաբրիկա ոսկու հանքաքարի փոխադրումներ կազմակերպելու մասին պայմանագիր: Այն նախատեսում էր Սոթք-Արարատ երկաթուղով հանքաքարի փոխադրման ծավալի հնարավոր ավելացում:

2019-ին Սոթքից Արարատ հանքաքարը փոխադրվում էր բացառապես երկաթուղով, և տարեվերջին նախատեսվում է փոխադրումների ծավալը հասցնել 1․5 մլն տոննայի, ինչը 2018 թվականի ցուցանիշի համեմատ 10%-ով ավելի է։ «Երկաթուղային համագործակցության» շնորհիվ 2008-ից բեռնափոխադրումների և հանքանյութի մշակման փաստացի ծավալները եռապատկվել էին։

2019 թվականին Հայաստանի երկաթուղով տեղափոխվել էր մոտ 3․2 մլն տոննա բեռ, որից 1․55 մլն տ կամ համարյա կեսը Սոթքից Արարատ հանքաքարի տեղափոխումն էր։

Հանքը կորցնելը կբերի երկաթուղու բեռնվածության անկման ու, հավանաբար՝ Վարդենիսի ուղղությամբ բեռնափոխադրումների դադարեցման, հասկանալի հետևանքներով` աշխատատեղերի, հարկերի ու տնտեսության մնացած ոլորտների համար։

Ստեղծված իրավիճակում փաստացի ոչ միայն խափանվում է Սոթքի ոսկու հանքի լիարժեք գործունեությունը, այլև կասկածի տակ է դրվում տարածաշրջանում երկաթուղային բեռնափոխադրման հնարավորությունը՝ դրանից բխող տնտեսական հետևանքներով։ Երկաթուղու չաշխատելու պայմաններում, փաստորեն, զրոյանում է մարզում բացառապես ոսկու տեղափոխման համար գործարկված երկաթուղային ցանցի գոյության հավանականությունը և փակվում Արարատի ոսկու կորզման գործարանի «օդը»։

Անահիտ Հակոբյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Հրապարակվել են պաշտոնյաների հայտարարագրերը
Հայկական շուկայի սպասումները
Ինչ է սպասում հարկատուներին 2021-ին
Ինչպես է սննդի ստարտափ Foody-ն ստեղծում նոր մշակույթ
 Ուշադրության կենտրոնում
Քերոբյան. Թուրքիայի հետ սահմանի բացման հարց դեռ օրակարգում չկա

Քերոբյան. Թուրքիայի հետ սահմանի բացման հարց դեռ օրակարգում չկա «Երկարացնելու ենք թուրքական ապրանքների ներմուծման արգելքը»,-ասել էնա

 Բաժնի այլ նյութերը
14,000 մարդ՝ անգործ կամ պարապուրդում Խոշոր բիզնեսը՝ ապրիլյան կարանտինի օրերին
Մնա տանը՝ կառաքեն Օնլայն առևտուրը կազմակերպելու 7 տարբերակ
Մեծ փոփոխություններ՝ օնլայն տաքսիների տիրույթում Վարորդները կլիցենզավորվեն, որոշները կհարկվեն