13 հուլիսի 2021 - 19:45 AMT
Հակոբյան․ 12 օրից ավելի է` խտանյութ չի արտահանվել՝ ՀՀ չի մտել $20 մլն

«Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանը, խոսելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմիբինատում ստուգումների մասին, տեղեկացրել է որ 12 օրից ավելի է` խտանյութ չի արտահանվում։

«12 օրից ավելի է արդեն իշխանություններն ապօրինի կերպով թույլ չեն տալիս խտանյութի արտահանումը, ինչը բերում է որոշ խնդիրների և, բնական է, վնասների, չհասկանալով, որ կանգնում է տարադրամի եկամուտը։ Այս 12 օրվա ընթացքում Հայաստան չի մտել 20 միլիոն դոլար և դա հղի է երկրում տարադրամի կուրսի տատանմանը»,- ասել է Հակոբյանը, տեղեկացնում է Panorama.am-ը։

Նա տեղեկացրել է նաև, որ պղնձամոլիբդենային կոմիբինատը հանդես կգա հայտարարությամբ։

Հակոբյանը նշել է, որ իրավապահ մարմինները հուլիսի 12-ին են կոմիբինատի տարածքը լքել։

«Գրոհայինները դիմակներով, ավտոմատներով եկել էին, երևի Սև լիճը շփոթել էին կոմբինատի հետ ու երեկ տարածքը լքել են»,-ասել է նա։

Կառավարությունը հուլիսի 12-ի արտահերթ դռնփակ նիստում որոշել է արտահանման լիցենզիոն տուրք կիրառել պղնձի և մոլիբդենի խտանյութերի և որոշ հարակից ապրանքների նկատմամբ։Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ որոշման արդյունքում արտահանման ծավալների պահպանման դեպքում 2021-ին ՀՀ պետբյուջեն լրացուցիչ 30-35 մլրդ դրամ կստանա։