14 դեկտեմբերի 2021 - 14:05 AMT
ԱԺ պատգամվորները հանդիպել են ֆրանսիացի քաղգործիչ Զեմուրին

Դեկտեմբերի 13-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ընդունել է ֆրանսիացի քաղգործիչ, գրող և լրագրող Էրիկ Զեմուրին և Ֆրանսիայի Վանդեա դեպարտամենտի նախկին նախագահ Ֆիլիպ դը Վիլիեին:

Ողջունելով հյուրերին՝ Վլադիմիր Վարդանյանն ընդգծել է հայ-ֆրանսիական ամուր բարեկամական հարաբերությունների կարևորությունը Հայաստանի ու Արցախի համար այս դժվար պատմական շրջափուլում և գոհունակություն հայտնել այս հարցում ֆրանսիական հասարակական ու քաղաքական շրջանակների միաձայն համերաշխության կապակցությամբ, տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր:

Հանդիպմանը հայկական կողմից մասնակցել են նաև Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, նույն խմբի անդամ Արմեն Խաչատրյանը և Ալխաս Ղազարյանը:

Զեմուրը դեկտեմբերի 11-ից նա շրջագայում է Հայաստանով և մի քանի գրառում ու լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում։Հայ-թուրքական սահմանին կանգնած, Արարատի դիմաց կանգնած, ուզում ես ասել հայերին, որ դարեր շարունակ նրանք եղել են դիմադրության օրինակ»,- գրել է նա Խոր Վիրապ այցից հետո։

Էրիկ Զեմուրը Հայաստանում է եռօրյա այցով։ Զեմուրին հայաստանյան այցում ուղեկցում է նրա ընկերը՝ Ֆիլիպ դը Վիլիերսը։ Ֆրանսիայի նախագահի ընտրությունները կայանալու են 2022թ․ ապրիլին։ Նախագահական ընտրարշավին մասնակցելու մասին Զեմուրը հայտարարել է նոյեմբերին։