Սաղաթելյան․ Չենք ասում, թե չենք բանակցելու Բաքվի ու Անկարայի հետ, բանակցելու ենք, բայց մեր օրակարգով

Սաղաթելյան․ Չենք ասում, թե չենք բանակցելու Բաքվի ու Անկարայի հետ, բանակցելու ենք, բայց մեր օրակարգով

PanARMENIAN.Net - ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում տված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Արցախի հանձնումը կանխելու մի ճանապարհ կա՝ իշխանությանը հեռացնելը։ Նա հավելել է, որ իրենք վստահաբար հասնելու են դրան և Փաշինյանի հետ որևէ պայմանավորվածություն հայ ժողովրդի անունից՝ հայտարարելու են առ ոչինչ։

«Չենք ասում, որ սրանց հեռացնելուց հետո Ադրբեջանին և Թուրքիայիպատերազմ ենք հայտարարելու և չենք բանակցելու, բայց բանակցելու ենք մեր օրակարգով, ոչ թե նրանց ուզածով։ Նրանց խաղաղության օրակարգը պատերազմի օրակարգ է, և մեր ժողովուրդը դա մերժելու է»,–ասել է նա, գրում է «Փաստը»։

Սաղաթելյանը, պատասխանելով՝ իշխանության գալուց հետո անելիքների մասին հարցին, ասել է, որ առաջին խնդիրը, որ պետք է լուծեն, դա պառակտվածությանը վերջ դնելն ու հայ ժողովրդի ներուժը համախմբելը պետք է լինի։

Նա նշել է, որ «Դիմադրության» շարժումը համախմբվել է գաղափարի շուրջ, ոչ թե անհատի կամ կուսակցության։

«Հաջորդ կառավարությունը՝ խոսքը նաև 250 անձի մասին է, չի ձևավորվելու բացառապես կուսակցական քվոտաներով, դա լինելու են այն քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ովքեր այս պայքարի ընթացքում այս հարթակում են և նաև կարևորություն ենք տալու կարող ուժերին՝ բազմաթիվ անկուսակցական մարդիկ, որոնք ժողովրդի պահանջով պետք է ստանձնեն պատասխանատվություն»,– հայտարարել է Սաղաթելյանը։

Նա հավելել է, որ ստեղծելու են լավագույն հավաքականը, որը պատրաստ է ստանձնել պատասխանատվություն երկիրն այս իրավիճակից դուրս բերելու։ «Նման մարդիկ կան, ամեն օր տեսնում եք նրանց պայքարի տարբեր հարթակներում»,-ասել է նա։

Սաղաթելյանը նշել է, որ մարտահրավերները շատ մեծ են և պետք է ամբողջ ներուժը համախմբել, որ կարողանան երկիրն այս վիճակից դուրս բերել։

Պատասխանելով այն հարցին, թե շարժմանը օդիոզ դեմքեր միացե՞լ են՝ Սաղաթելյանն ասել է․ «Օդիոզ դեմքեր կան տարբեր կուսակցություններում, տարբեր դաշինքներում․ մենք որևէ մեկին անձնական հրավերով այս հրապարակ չենք հրավիրել, որևէ մեկին էլ չենք արգելել։ Բայց ամենակարևոր սկզբունքն է, որ նման մարդիկ հաջորդ իշխանության մեջ որևէ դերակատարում չեն ունենալու, որևէ արտոնյալ կարգավիճակ չեն ունենալու»։ Սաղաթելյանը հայտարարել է նաև, որ շարժումը կասեցրել է Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու գործընթացը։

«Դիմադրություն» շարժումը, շարժմանը միացած քաղաքացիները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթեր, հանրահավաքներ և անհնազանդության ակցիաներ են իրականացնում։ Հայաստանում բողոքի նոր ալիքը բարձրացել է Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո, ըստ որի միջազգային հանրությունն ակնկալում է հայկական կողմից, որ «իջեցնի նշաձողը» ԼՂ կարգավիճակի հարցում։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---