30 մարտի 2023 - 14:36 AMT
Սուրենյան․ Մարտի 31-ին ժամը 4-ից հետո ձյուն կտեղա գրեթե ամբողջ ՀՀ-ում

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն ասուլիսում հայտարարել է, որ մարտի 31-ին` ժամը 16:00-ից հետո ձյուն կտեղա ՀՀ գրեթե ամբողջ տարածքում, հայտնում է Factor.am-ը։

Նա ասել է, որ հյուսիսային հատվածներում ջերմաստիճանի անկում է գրանցվել 10-12 աստիճանով։

«Վաղը ցիկլոնի ուժը կտրուկ մեծանալու է, ամենամեծ ուժգնությունը դիտվելու է երեկոյան ժամերին՝ 16:00-ից հետո։ Վաղը տեղումներ սպասվում են արդեն հանրապետության ամբողջ տարածքում՝ լեռնային և նախալեռնային գոտնիերում ձյան տեսքով, իսկ ամենացածրադիր գոտիներում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Այսօր ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով, մարտի 31-ին՝ 6-8 աստիճանով, ևս 4-6 աստիճանով կնվազի մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը»,-ասել է Սուրենյանը։

Արարատյան դաշտում ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը օդում՝ 0-2 աստիճան ցուրտ, հողի մակերևույթին՝ 3-4 աստիճան ցուրտ լուսադեմին 05։00-07։00 ընկած ժամանակահատվածում։

Հանրապետության նախալեռնային գոտում ամենացածր ջերմաստիճանը կանխատեսվում է մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը՝ 2-4 աստիճան ցուրտ, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը 0-2 աստիճան ցուրտ։

Սուրենայնը նաև նշել է, որ ապրիլի 2-ից ցուրտ օդային հոսանքները կնահանջեն։

Ապրիլի 2-4-ը օդի ջերմաստիճանը որքան որ իջել էր, նույնքան կբարձրանա՝ այսինքն ապրիլի 4-ին արդեն հովտային գոտիներում, Արարատյան դաշտավայրում և մայրաքաղաքում ցերեկային ժամերին նորից կգրանցվի 20-22 աստիճան տաքություն։

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանն ասել է, որ փետրվարին ամսական տեղումների քանակը եղել է նորմայից բարձր, մասնավորապես, ջերմաստիճանը բարձր է եղել նորմայից 1-2 աստիճանով, իսկ մարտին տեղումների քանակը եղել է նորմայի սահմաններում՝ դրական շեղումով։ Ինչ վերաբերում է ջերմաստիճանին, ապա, ըստ նրա, մարտին այն նորմայից բարձր է եղել 4-5 աստիճանով, հայտնում է Panorama.am-ը։

Ազիզյանը տեղեկացրել է նաև, որ գարնան ամիսներին ջերմաստիճանը կլինի նորմայից բարձր 1-2 աստիճանով, իսկ տեղումների քանակը՝ նորմային մոտ։

«Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող հիդրոօդերևութաբանական պայմանները, 2023 թվականի գարնանային հոսքերի վարարումների հոսքերի ծավալները գետերում սպասվում է 50-70%-ի սահմաններում»,- ասել է նա

Մարտի 30–ին, 31-ին Սկանդինավիայի շրջաններից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը հանրապետության տարածքում մարտի 30-ի ցերեկը կնվազի 5-6, 31-ին ՝ ևս 6-8, ապրիլի 1-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով։ Մարտի 30-ին հանրապետության առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վ։

Մարտի 30-ին առանձին շրջաններում, 31-ին և ապրիլի 1-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ։ Մարտի 31-ի երեկոյան և ապրիլի 1-ին ծովի մակերևույթից հաշված 1200մ և ավելի բարձրություններում՝ ձյան տեսքով, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Ընթերցեք նաև․ Ծաղկած ծիրանի այգիներում անհրաժեշտ է ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ