4 դեկտեմբերի 2023 - 11:45 AMT
Ֆրանսիան 24 Bastion է ուղարկել ՀՀ, ևս 26–ն արտադրական փուլում է

Ֆրասիան Հայաստան է առաքել 24 միավոր Bastion զրահամեքենա։ Այդ մասին ասվում է այդ երկրի Սենատի կայքում հրապարակված 2024 թվականի պաշտպանական բյուջեի նախագծում։

Նշվում է, որ ավելի ուշ հայկական կողմին պետք է տրամադրվի ևս 26 այդպիսի զրահամեքենա, որոնք արտադրական փուլում են։

Ֆրանսիայի Սենատի կոմիտեն կոչ է արել երկրի իշխանություններին քննարկել Հայաստանին Caesar հաուբիցներ մատակարարման հարցը։ Նշվել է, որ Ֆրանսիայի իշխանությունները սկսել են պաշտպանական զենք տրամադրել Հայաստանին, սակայն, ըստ Սենատի կոմիտեի գնահատման, այդ տարբերությունը պաշտպանական և հարձակողական զենքի միջև իրականում այնքան էլ արդյունավետ չէ, ինչպես ցույց տվեց պատերազմն Ուկրաինայում։ Սենատորները կոչ են արել «չկրկնել նույն սխալները՝ ձգձգելով տեխնիկայի առաքումը, որն անհրաժեշտ էր հենց սկզբից»։

Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան հոկտեմբերի 3–ին Երևանում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում հայտարարել է, որ Փարիզն իր համաձայնությունն է տվել ՀՀ հետ ապագա պայմանագրի կնքման համար, որը հնարավորություն կտա ռազմատեխնիկա տրամադրել, որ Հայաստանը կարողանա իր պաշտպանությունը ապահովել:

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեբաստիան Լըկորնյուն հոկտեմբերի 23-ին երկկողմ համագործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել։ Ֆրանսիան Հայաստան կուղարկի ռազմական խորհրդական և հատուկ ստորաբաժանումներ կպատրաստի ՀՀ ԶՈւ-ի համար։ Ստորագրվել է երեք GM200 ռադար ձեռք բերելու պայմանագիր և հակաօդային պաշտպանության ոլորտում «Միստրալ» հրթիռներ ձեռք բերելու հուշագիր։

Ընթերցեք նաև․ Ֆրանսիայի Սենատի կոմիտեի կոչը՝ քննարկել ՀՀ-ին Caesar հաուբիցներ մատակարարելու հարցը