21 փետրվարի 2024 - 18:36 AMT
Ռիտեր. Մեր առաքելությունը կարող է այցելել ՀՀ ամբողջ տարածք՝ բացառությամբ Ներքին Հանդի

ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը, անդրադառնալով փետրվարի 13–ի միջադեպին, ասել է, որ առաքելությունը կարող է այցելել Հայաստանի ամբողջ տարածք՝ բացառությամբ Ներքին Հանդի տարածքը, որը ռուսական ԱԴԾ–ի պատասխանատվության գոտում է գտնվում, հայտնում է «Ազատությունը»։

Ներքին Հանդի բնակիչները տեղեկացրել են, որ դիտորդները մուտք չունեն իրենց տարածք։ ՝ «Ազատությունը» հարցրել է թե ինչո՞ւ՝ արդյոք հենց ռուսական ներկայությամբ է դա պայմանավորված:

«Բացառապես Ներքին Հանդում է, բոլոր մյուս տեղերում, որտեղ մենք շփվում ենք, անցնում ենք կողքով կամ հանդիպում ենք ռուսական ուժերի հետ, նմանօրինակ խնդիրներ չկան», - նշել է ԵՄ առաքելության ղեկավարը:

Այն հարցին, թե նախապես իմացե՞լ են, թե՞ գնացել են ու տեղում թույլ չեն տվել, ԵՄ առաքելության ղեկավարը պատասխանել է, որ ի սկզբանե գիտեին, որ չեն բացառվում խնդիրները։

«Ի սկզբանե գիտեինք, որ չեն բացառվում խնդիրները Ներքին Հանդ մտնելու, իսկ հիմնավորումը.... այդ հարցը պետք է տաք ռուսներին: Մենք Հայաստանի հյուրերի կարգավիճակում ենք այստեղ գտնվում, ըստ այդմ էլ Հայաստանը պետք է զբաղվի այդ հարցով, որովհետև մենք ուղղակի շփումներ չունենք ռուսական կողմի հետ»,–ասել է նա։

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ ռուս զինծառայողները խոչընդոտել են ԵՄ դիտորդների մուտքը Ներքին Հանդ։ Գրիգորյանը շեշտել է, որ հայկական կողմը տեղյակ է, որ ՌԴ սահմանապահները խոչընդոտել են ԵՄ դիտորդների մուտքը Ներքին Հանդ, և այդ հարցն արդեն հասցեագրել է։

Փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր։ Պաշտպանության նախարարությունը նաև հերքել է ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը։