6 մարտի 2024 - 18:45 AMT
Ֆրանսիայի դեսպան․ Իրանի հետ շատ անհամաձայնություններ ունենք, բայց ՀՀ ինքնիշխանության հարցում համաձայն ենք

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին Արմենպրեսին տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե Ֆրանսիան պաշտպանության ոլորտում Հայաստանի հետ համագործակցության ի՞նչ հետաքրքրություն, շահագրգռվածություն ունի, ասել է, որ Ֆրանսիան ազդեցության ոլորտների տեսանկյունից չի մտածում, մտածում է յուրաքանչյուր պետության՝ իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու իրավունքի տեսանկյունից:

Դըկոտինյին այդպես է արձագանքել այն դիտարկմանը, որ Ադրբեջանն ակտիվորեն զենք է գնում Թուրքիայից, Իսրայելից և այլ երկրներից, մինչդեռ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆրանսիային մեղադրում է Հայաստանին զինելու և Կովկասի տարածաշրջանում լարվածության սրացմանը նպաստելու մեջ, որոշակի շրջանակներ նաև տեսակետ են հայտնում, թե ԵՄ-ն՝ ի դեմս Ֆրանսիայի, այսպիսով ցանկանում է Հարավային Կովկասում թուլացնել Ռուսաստանի դերակատարությունը:

Նա նշել է, որ դա մտահոգում է նաև Իրանին, որի հետ Ֆրանսիան շատ անհամաձայնություններ ունի, սակայան ՀՀ ինքնիշխանության հարցում համաձայն է։

«Եվ դա իրականում ոչ միայն Ֆրանսիայի համար է մտահոգիչ: Նախորդ մի քանի տարիներին Հայաստանի հարևան պետությունը՝ Իրանը, ևս շատ անգամ մտահոգություն է հայտնել Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության առումով: Մենք Իրանի հետ անհամաձայնություն ունենք շատ հարցերում, բայց սա այն հարցն է, որ համաձայն ենք: Եվ իրականում ՄԱԿ բոլոր անդամ պետությունները պետք է համաձայնեն այս հարցում, որովհետև ՄԱԿ-ի կանոնադրության ներքո` ՄԱԿ-ի բոլոր անդամ երկրները ճանաչում են և պետք է աջակցեն անդամ մյուս երկրների ամբողջականությանն ու ինքնիշխանությանը: Դա ընդհանուր պարտավորություն է: Ինչ վերաբերում է Ադրբեջանի հայտնած մտահոգություններին, նրանք կարող են վստահ լինել, որ համագործակցության տեսակը, սարքավորումների տեսակները, որոնք մենք տրամադրում ենք Հայաստանին, ուղղված են երկրի պաշտպանությանը, դա զուտ պաշտպանական է: Լավ օրինակ բերեմ՝ երբ մենք խոսում ենք օդային պաշտպանության մասին, եթե դու մուտք չգործես Հայաստանի օդային տարածք, դու երբեք չես բախվի Հայաստանի օդային պաշտպանությանը, դա պաշտպանական կարողություն է»,–ասել է դեսպանը։

Այն հարցին, թե կարո՞ղ ենք ասել, որ պաշտպանական համագործակցությունը Հայաստանի ինքնիշխանության մասին է, դեսպանը դրական պատասխան է տվել։

«Դա Հայաստանի ինքնիշխանության, նրա տարածքն ու ժողովրդին պաշտպանելու մասին է: Եվ դա հենց սկզբից հստակ նշվել է՝ այն ամենը, ինչ մենք մատակարարում ենք՝ զենք, սարքավորումներ, վերապատրաստումներ, համապատասխանում են այդ նպատակին»,–ասել է դեսպանը:

Ընթերցեք նաև․ Դեսպան․ ՀՀ–ն ու Ֆրանսիան երկարաժամկետ գործակցություն են կառուցում, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում