12 մարտի 2024 - 18:30 AMT
Տրանսպորտի ուղեվարձի տարեկան փաթեթի համար սահմանվել է 90,000 դրամ

Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ավագանու նիստում, ներկայացնելով հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի լրամշակված նախագիծը, ասել է, որ ամսական, եռամսյակային և տարեկան տոմսային փաթեթների մասով հանվել են երթևեկության սահմանափակումները և ենթադրելու են անսահմանափակ երթևեկության հնարավորություն սահմանված ժամկետի շրջանակներում։

«Ամսական փաթեթի համար սահմանվել է 9000 դրամ։ Եռամսյակային փաթեթի համար սահմանվել է 24,000 դրամ։ Տարեկան փաթեթի համար սահմանվել է 90,000 դրամ»,-ասել է փոխքաղաքապետը, հայտնում է Panorama.am-ը։

Հայտնելով, որ հաշվի են առել նաև այն ուղևորների մտահոգությունը, որոնք ոչ շատ հաճախ են օգտվում հանրային տրանսպորտից՝ Գրիգորյանը նշել է, որ 10 ուղևորության լիցքավորման հնարավորությամբ տոմսային փաթեթը կարժենա 2200 դրամ։

«Նախագծի ուժի մեջ մտնելը նախատեսված է սեպտեմբերի 1-ից, երբ մենք նախատեսում ենք, որ գիծ դուրս եկած կլինեն նաև 171 նոր 8․6 մետրանոց ավտոբուսները»,- հավելել է նա, գրում է «Առավոտը»։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ բազմակի օգտագործման տոմսը նույնիսկ նախորդ 100 դրամից ավելի էժան է լինելու մարդկանց համար։

«Անընդհատ ասում ենք՝ թանկացում, թանկացում, թանկացում, բայց մի փոքր էլ եկեք հասկանանք՝ այն մարդիկ, որոնք իրապես հաճախակի են օգտվում տրանսպորտից, առանց սահմանափակման, այսինքն՝ 8800 դրամով օգտվում ես ավտոբուսից, տրոլեյբուսից և մետրոյից առանց սահմանափակման։ Բազմակի օգտագործման նոր փաթեթներն ավելի ձեռնտու են, քան նախորդ 100 դրամը»,- նշել է Ավինյանը։

Ավինյանը հավելել է, որ նախագծի հաշվարկներով՝ համարվում է, որ ամբողջական ստվերը վերացվելու է։

«Այդ ամբողջական գումարները՝ նոր տոմսային համակարգի գներով, մուտք են լինելու են Երեւանի քաղաքապետարան։ Եվ նույնիսկ այդ պայմաններում մենք շարունակելու ենք սուբսիդավորել հանրային տրանսպորտի ոլորտը»,- ասել է նա։

Ընթերցեք նաև․Մարությանը ներկայացրել է տրանսպորտի ուղեվարձի վերաբերյալ «Ազգային առաջընթացի» առաջարկը