11:20 AMT
07:20 GMT
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ոչ բարեկամական քայլ է գնահատել Ուկրաինայում ՀՀ դեսպանի այցը Բուչա և բողոքի նոտա հղել ՀՀ ԱԳՆ–ին։ «Որպես ոչ բարեկամական քայլ ենք գնահատում Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի և Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի այցը Բուչա»,– ասել է նա, գրում է ՏԱՍՍ–ը։ «Մենք բողոքի նոտա ենք ուղարկել Ուկրաինայի ԶՈւ կարիքներին նրանց կողմից օգնություն տրամադրելու և ՌԴ դեմ այնտեղ արված անընդունելի հայտարարությունների կապակցությամբ»,- ասել է նա: Նա նշել է, որ Տեր-Մարգարյանն «արևմտամետ» «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի համախոհն է, «որից այլ բան չէին էլ սպասում», սակայն «ցավալի էի, որ դրան միանում են ՀՀ իշխանությունները»։ Տիգրան Տեր-Մարգարյանը և Վլադիմիր Կապարետյանը Բուչա էին այցելել հունիսի 2–ին։ Հայկական պատվիրակությունը դեղորայքի տեսքով մարդասիրական օգնություն էր նվիրաբերել Բուչայի բժշկական հաստատություններին։ Պատվիրակության անդամները նաև ծաղիկներ էին խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Բուչայի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում։ Ավելի ուշ, Զախարովան, արձագանքելով հայկական պատվիրակության այցին Կիև և Բուչա, հայ խորհրդարանականներին կոչ էր արել Բուչայում զոհվածների ցուցակ փոխանցել։