16:56 AMT
![](https://static.pn.am/images/sep_circle.gif)
12:56 GMT
Ազգային ժողովի խորհուրդը մերժել է խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների միջնորդությունը, որով պահանջվում էր կառավարության հրաժարականի օրակարգով արտահերթ նիստ գումարել։ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն՝ եթե ԱԺ խորհուրդը մերժում է ընդդիմադիր խմբակցությունների միջնորդությունը, ապա 5-րդ աշխատանքային օրը, այսինքն՝ հունիսի 17-ին՝ ժամը 18։30-ին, օրենքի ուժով գումարվում է խորհրդարանի արտահերթ նիստ։ «Քաղաքացիական պայմանագրից» Հայկ Կոնջորյանը լրագրողներին ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին՝ հավելելով՝ իրենք նման օրակարգ չունեն, հայտնում է «Ազատությունը»։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ավելի վաղ ասել է, որ Ազգային ժողովի խորհուրդը կմերժի և հերթական նիստերի օրակարգ չի ընդգրկի խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակացությունների միջնորդությունը։Նա ասել էր, որ դրա իմաստը չեն տեսնում։ Նրա խոսքով՝ կառավարությունն ու վարչապետը վայելում են ժողովրդի վստահությունը։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը հունիսի 9-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ առաջիկա 4 օրում առանց ընդմիջման բողոքի ակցիաներ պետք է իրականացնեն հասնելու համար ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականին։ Սրբազանը նշել է, որ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու օրակարգում վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցն է լինելու, իսկ իրեն՝ վարչապետի թեկնածու առաջադրելու մասին խոսք չկա։ Նա կոչ էր արել քաղաքացիներին ժամը 15։30-ին լինել Բաղրամյան պողոտայում։