16:05 AMT
12:05 GMT
Ազգային ժողովի խորհուրդը կմերժի և հերթական նիստերի օրակարգ չի ընդգրկի խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակացությունների միջնորդությունը։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Ընդդիմադիր խմբակցությունները միջնորդություն են ներկայացրել Խորհուրդ՝ պահանջելով կառավարության հրաժարականի օրակարգով արտահերթ նիստ գումարել, հայտնում է «Ազատությունը»։ Սիմոնյանն ասել է, որ դրա իմաստը չեն տեսնում։ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն, եթե Ազգային ժողովի խորհուրդը մերժում է ընդդիմադիր խմբակացությունների միջնորդությունը, ապա 5-րդ աշխատանքային օրը, այսինքն՝ հունիսի 17-ին, ժամը 18։30-ին օրենքի ուժով գումարվում է Ազգային ժողովի արտահերթ նիստ։ Ընդդիմադիր պատգամավորները միջնորդության մեջ, մասնավորապես, նշել էին, որ «Հայաստանի ինքնիշխանությունն անմիջական սպառնալիքի տակ է, գործող կառավարությունը ձախողել է Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը», «պահի հրամայական է, որ պետության կառավարումը, քաղաքական համաձայնությամբ, խաղաղ և անցնցում կերպով ստանձնեն պրոֆեսիոնալ, հանրային հեղինակություն ունեցող փորձառու անձինք»։ Ավելի վաղ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասել էր, որ ընդդիմությունը ցանակնում է, որ նիստը տեղի ունենա մինչև հունիսի 17-ը, և արտահերթ նիստ նախաձեռնելու համար անհրաժեշտ 27 ստորագրությունների փոխարեն արդեն ունի 32-ը և այժմ պետք է, որ Ազգային ժողովի խորհուրդն հունիսի 10–ին գումարվելիք խորհրդի նիստում ընդունի իրենց առաջարակը։ Մինասյանը նաև ասել էր, որ եթե իշխող մեծամասնությունն այս ուղերձն ընդունի, ապա կառավարությունը կարող է հրաժարական տալ, ու հետո ընտրել նոր վարչապետ ու ձևավորել նոր կառավարութուն։ Նրա խոսքով՝ սա կապ չունի, այսպետ կոչված, իմպիչմենտի հետ։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը հունիսի 9-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ առաջիկա 4 օրում առանց ընդմիջման բողոքի ակցիաներ պետք է իրականացնեն հասնելու համար ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականին։ Սրբազանը նշել է, որ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու օրակարգում վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցն է լինելու, իսկ իրեն՝ վարչապետի թեկնածու առաջադրելու մասին խոսք չկա։ Նա կոչ է արել քաղաքացիներին ժամը 15։30-ին լինել Բաղրամյան պողոտայում։