31 մայիսի
Երևանի ընդհանուր իրավասության դատարանն արդարացրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։ Երրորդ նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չէր ընդունում։ Դատավոր Վահե Միսակյանի որոշմամբ, արդարացվել են նաև գործով անցնող Ֆլեշ ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը և գյուղատնտեսությա նախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանը նույնպես հանցակազմի բացակայության հիմքով։ Դատարանի որոշմամբ վերացվել են Սարգսյանի, Բեգլարյանի և Հարությունյանի խափանման միջոցները՝ երկրից բացակայելու արգելքը, հայտնում է Արմենպրեսը։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013-ի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489,160,310 ՀՀ դրամ: Գործով ամբաստանյալ էին նաև գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը։ Երկուսն էլ մահացել են կորոնավիրուսից։ Դատարանի որոշմամբ` նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։