17 հունիսի
Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից նախաձեռնած արտահերթ նիստը չի կայացել։ Նիստին չեն ներկայացել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները։ Գրանցվել է 34 պատգամավոր, քվորում չի ապահովվել: Նիստը կայանալու համար անհրաժեշտ է 54 պատգամավորի ներկայություն: Նիստի օրակարգում էր «Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին» ԱԺ ուղերձի նախագիծը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ՔՊ-ն նիստին չի մասնակցելու՝ նշելով, որ ընդդիմության օրակարգը կեղծ է և չի համապատասխանում ՀՀ պետական շահերից բխող օրակարգերին։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն իր աջակիցներին կոչ էր արելկ նիստի ժամին հավաքվել Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում։ Հունիսի 12-ի երեկոյան Ազգային ժողովի մոտ վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել։ Վնասվածք է ստացել 101 մարդ, այդ թվում՝ ոստիկաններ։ Ըստ Քննչական կոմիտեի՝ Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում «զանգվածային անկարգություններ կազմակերպելու և իրականացնելու դեպքի առթիվ քրվարույթ է նախաձեռնվել»։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի մոտ տեղի ունեցածը որակել է «հարձակում Ազգային ժողովի, ժողովրդավարության և Հայաստանի ինքնիշխանության, անկախության վրա և անճարության դրսևորում»։ Բագրատ սրբազանն, իր հերթին, ոստիկանական գործողությունները որակել է «ահաբեկչություն» խաղաղ հավաքի մասնակիցների, ինչպես նաև ԱԺ հարևանությամբ գտնվող այգում եղած քաղաքացիների նկատմամբ։