Ուշադրության կենտրոնում
Հայտարարություն․ ՀՀ–ն ու ԱՄՆ–ն երկկողմ երկխոսության կարգավիճակը կբարձրացնեն Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի մակարդակի

Հայտարարություն․ ՀՀ–ն ու ԱՄՆ–ն երկկողմ երկխոսության կարգավիճակը կբարձրացնեն Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի մակարդակի

11:35 AMT  07:35 GMT
ՀՀ–ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի արդյունքներով ՀՀ և ԱՄՆ կառավարությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ գալիք տարում կապերի խորացման տեսլականը կձևակերպվի Փոխըմբռնման հուշագրով՝ երկկողմ երկխոսության կարգավիճակը բարձրացնելով Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի: ԱՄՆ–ն վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, ժողովրդավարությանը և տարածքային ամբողջականությանը՝ 1991թ. Ալմաթիի հռչակագրին համապատասխան, հայտնում է ՀՀ ԱԳՆ–ն։ «Հունիսի 11-ին Երևանում ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հյուրընկալել է ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ’Բրայենի ղեկավարած միջգերատեսչական պատվիրակությանը: Ամփոփիչ հանդիպման ընթացքում Հայաստանն ու ԱՄՆ–ն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ առաջընթացին և ուրվագծեցին գալիք տարում կապերի խորացման տեսլականը, որը կձևակերպվի Փոխըմբռնման հուշագրով՝ երկկողմ երկխոսության կարգավիճակը բարձրացնելով Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի: Ակնկալում ենք ուրվագծել առաջիկա ամիսներին մեր հարաբերությունների խորացմանն ուղղված ջանքերի կոնկրետ ուղղությունները։ Կողմերը դրական են գնահատել Հայաստանի ընթացիկ բարեփոխումներին և ժողովրդավարական առաջընթացին աջակցելու ուղղությամբ համագործակցությունը և նշել եվրատլանտյան կառույցների և Արևմուտքի հետ ավելի սերտ համագործակցության Հայաստանի ձգտումները․․․ Աջակցություն Հայաստանի տնտեսական և էներգետիկ դիմակայունությանը Պատվիրակությունները քննարկել են ավելի սերտ համագործակցության միջոցով փոխադարձ բարգավաճման, տնտեսական և էներգետիկ դիմակայունության խթանմանն ուղղված համատեղ ջանքերը՝ հաշվի առնելով 2024թ. ապրիլի 5-ին Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի համատեղ հանդիպման ժամանակ կայացած կարևոր քննարկումները: Նշելով, որ 2020 թվականից ի վեր Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրաշրջանառությունն արդեն քառապատկվել է՝ կողմերը հանձնառություն են ստանձնել շարունակել առավելագույնս ընդլայնել առևտրային ու տնտեսական կապերը: Կողմերը քննարկել են պատժամիջոցների և արտահանման վերահսկման հարցերում աճող համագործակցությունը: Նրանք նաև քննարկել են արտահանման լիցենզավորման հնարավորություններն՝ առաջադեմ տեխնոլոգիական ապրանքների առևտուրը դյուրացնելու նպատակով: Քննարկումները կենտրոնացել են նաև Հայաստանի պարենային անվտանգության և էներգետիկ անկախության խթանման՝ ներառյալ ատոմային էներգիայի և վերականգնվող էներգետիկայի ոլորտներում ԱՄՆ առևտրային լուծումների բացահայտման ուղղությամբ արդեն իսկ իրականացված աշխատանքները: ԱՄՆ ՄԶԳ-ն մտադիր է աջակցել Հայաստանին մշակելու տրանսպորտային ռազմավարություն, որը կդրվի Հայաստանի «Խաղաղության խաչմերուկի» տեսլականի հիմքում՝ արդար ու հարատև խաղաղության միջոցով խրախուսելով և ամրապնդելով տարածաշրջանային առևտուրն ու փոխկապակցվածությունը: Այս խաղաղությունը կբացի ամբողջ տարածաշրջանի ներուժը և էական օգուտներ կբերի տարածաշրջանի բոլոր ժողովուրդներին: ԱՄՆ–ն ընդունում է շարունակվող տնտեսական և սոցիալական մարտահրավերները, որոնց բախվում է Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և փախստականներին աջակցելիս և մտադիր է շարունակել աջակցել այս ուղղությամբ Հայաստանի կառավարության ջանքերին։ Միացյալ Նահանգները բարձր է գնահատում տեղահանված անձանց և փախստականներին ապաստան տրամադրելու Հայաստանի ջանքերը, իսկ Հայաստանը երախտագիտություն է հայտնել ավելի քան 21 միլիոն դոլարի մարդասիրական աջակցության համար, որը Միացյալ Նահանգները տրամադրել է 2020 թվականի սեպտեմբերից ի վեր Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և փախստականներին աջակցելու համար։ Փոխշահավետ համագործակցության ամրապնդում՝ անվտանգության և իրավապահ ոլորտներում Ամփոփիչ հանդիպման մասնակիցներն ընդգծել են ԱՄՆ աջակցության կարևոր դերը Հայաստանի պաշտպանական ոլորտի վերափոխման և իրավապահ համակարգի զարգացման նախաձեռնություններում, որոնց ԱՄՆ-ը նախատեսում է շարունակել աջակցել խորհրդատվական ծրագրերով, բանակ-բանակ շփումներով, Միջազգային ռազմական կրթական ու ուսուցողական (IMET) ծրագրի միջոցով մասնագիտական ռազմական կրթության հնարավորություններով և Կանզասի ազգային գվարդիայի հետ երկարաժամկետ պետական համագործակցության ծրագրով: Պատվիրակություններն ընդգծել են նաև համագործակցության կարևոր հանգրվաններից մեկը՝ «Արծիվ գործընկեր 2023» զորավարժությունը: ՀՀ պաշտպանության նախարարության և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչները նաև ողջունել են 2024թ. մայիսին ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի և ԱՄՆ եվրոպական հրամանատարության միջև առաջին տարեկան շտաբային բանակցությունների մեկնարկը և պայմանավորվել են նախաձեռնել Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ՝ պաշտպանական համագործակցության նպատակները նախանշելու համար»,–ասվում է համատեղ հայտարարության մեջ։ Նշվում է նաև, որ, հիմնվելով Հայաստանի պարեկային ծառայության հաջողությամբ ստեղծման փորձի վրա, որը համազգային ընդգրկում է ստացել 2023 թվականին` կողմերը քննարկել են ԱՄՆ կողմից ՀՀ ներքին գործերի նախարարությանն ապագա աջակցության տրամադրումը՝ ներառյալ ծրագրված ջանքերն՝ ուղղված ոստիկանական կրթության զարգացմանն ու մարդկային ռեսուրսների կառուցվածքային ստորաբաժանումների արդիականացմանը՝ հաշվետվողականության և դիմակայունության բարձրացման համար: «ԱՄՆ–ն բարձր է գնահատում Հայաստանի շարունակական ներդրումը միջազգային խաղաղապահ առաքելություններում և պատրաստակամ է խաղաղապահության և իրավապահ մարմինների զարգացման ուղղությամբ հավելյալ համագործակցության հարցում: Արդարադատության, ժողովրդավարական ինստիտուտների և ընդհանուր ժողովրդավարական արժեքների խթանում Պատվիրակություններն ամփոփել են արդարադատության ոլորտում շարունակվող համագործակցությունը՝ գնահատելով ԱՄՆ-ի նշանակալի ներդրումը Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներին միտված ջանքերում։ ԱՄՆ–ն մտադիր է նաև շարունակել աջակցել հայկական հաստատություններին, որոնք կենտրոնացած են կոռուպցիայի և անդրազգային կազմակերպված հանցավորության կանխարգելման և դրա դեմ պայքարի վրա, ինչպես նաև դատական անաչառության, ամբողջականության և անկախության խթանմանն ուղղված ջանքերին: Պատվիրակությունները քննարկել են զոհերին և վկաներին աջակցելու և արդարադատության մատչելիության ապահովման պլանավորված ծրագրերը: ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ամուր քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների համար անկախ միջավայրի զարգացմանը՝ Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների հետագա ամրապնդման և թափանցիկության բարձրացման նպատակով: Երկուստեք ընդգծվել է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, օրենքի գերակայության հարգման կարևորությունը և հանձնառություն են ստանձնել համատեղ աշխատել այս ուղղությամբ։ Հայաստանը և Միացյալ Նահանգները վերահաստատեցին իրենց հանձնառությունն ընդհանուր ժողովրդավարական արժեքներին և ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ Հայաստանի զարգացման նպատակին»,–ասվում է համատեղ հայտարարության մեջ։
Բայրամովը Գերմանիայում բողոքել է ՀՀ սահմանադրությունից
Բայրամովը Գերմանիայում բողոքել է ՀՀ սահմանադրությունից Նա Բերբոքի ուշադրությունն է հրավիրել «խաղաղ գործընթացի շրջանակում խնդիրների և հնարավորությունների վրա»
ՆԳՆ․ 24 ժամում ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս տուգանքը զեղչվում է 75%-ով
ՆԳՆ․ 24 ժամում ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս տուգանքը զեղչվում է 75%-ով Համակարգը չի կիրառվում առանց գործող ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոց վարելու համար տուգանքի դեպքում
Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել
Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը
---