Ուշադրության կենտրոնում
ՀԱԿ․ Հունիսի 12-ի դեպքերի պատասխանատուն Փաշինյանի վարչախումբն է, որը կառավարելու գլխավոր հենարան է դիտում ուժային կառույցները

ՀԱԿ․ Հունիսի 12-ի դեպքերի պատասխանատուն Փաշինյանի վարչախումբն է, որը կառավարելու գլխավոր հենարան է դիտում ուժային կառույցները

12:32 AMT  08:32 GMT
Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել հունիսի 12-ին Ազգային ժողովի հարակից տարածքում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ, որտեղ ասվում է, որ կատարվածի գլխավոր պատասխանատուն վարչապետ «Նիկոլ Փաշինյանի վարչախումբն է, որը երկիրը կառավարելու իր գլխավոր հենարան է դիտում ուժային կառույցները»։ Նշվում է նաև, որ մարտի 1-ի կրկնությամբ դեպքերից անմիջապես հետո երկրի վարչապետը, ԱԺ նախագահը և ՀՀ նախագահը ոչ միայն ափսոսանք չարտահայտեցին տասնյակ վիրավորների փաստի կապակցությամբ, այլև անվերապահորեն արդարացրին ուժային կառույցների գործողությունները։ «2024 թվականի հունիսի 12-ին ՀՀ ոստիկանական ուժերը լուսաձայնային նռնակներ և այլ հատուկ միջոցներ են կիրառել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ցույցի մասնակիցների նկատմամբ, որի հետևանքով, ըստ առողջապահության նախարարության տվյալների, թեթև և միջին ծանրության մարմնական վնասվածքներ են ստացել շուրջ 100 քաղաքացիներ (այդ թվում՝ բազմաթիվ լրագրողներ)։ Տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների և իրավապաշտպանների հրապարակած փաստերն ու գնահատականները վկայում են հետևյալի մասին․ - որևէ օբյեկտիվ փաստ չկա, որը կապացուցեր, թե քաղաքացիները պատշաճ նախազգուշացվել են հատուկ միջոցների կիրառման մասին, ինչն օրենքի պահանջի կոպիտ խախտում է («Իրազեկ քաղաքացիների միավորում», իրավապաշտպան Արման Թաթոյան), -առաջին 2-3 լուսաձայնային նռնակների կիրառումից հետո իրավիճակը հանդարտվել էր: Դրանից հետո հատուկ միջոցների կիրառման անհրաժեշտություն չի եղել («Իրազեկ քաղաքացիների միավորում»), -մնացյալ շուրջ 20 նռնակները կիրառվել են նահանջող, փախչող և վիրավորներին աջակցություն ցուցաբերող քաղաքացիների նկատմամբ: -արձանագրվել են դեպքեր, որտեղ լուսաձայնային նռնակը կիրառվում էր արդեն իսկ կիրառված նռնակից գետին ընկած քաղաքացիների ու նրանց օգնության հասնողների նկատմամբ («Իրազեկ քաղաքացիների միավորում»), -լուսաձայնային նռնակները կիրառվել են ՀՀ Առողջապահության նախարարի 2012 թվականի 90-Ն հրամանով սահմանված կարգի խախտմամբ՝ չի պահպանվել մարդկանցից նվազագույնը 2,5 մետր հեռու կիրառելու պահանջը, որի հետևանքով էլ քաղաքացիներն ստացել են մարմնական վնասվածքներ («Իրազեկ քաղաքացիների միավորում»), -ոստիկանությունը հատել է համաչափության սահմանը և խախտել լուսաձայնային նռնակների կիրառման սահմանափակումները։ Արցունքաբեր գազ պարունակող նռնակները և նման մյուս միջոցները, հաշվի առնելով դրանց բնույթը, մարդուն պատճառող վնասը, ենթակա են կիրառման՝ մահաբեր ուժի չափանիշներին համապատասխան։ («Իրազեկ քաղաքացիների միավորում», իրավապաշտպան Արման Թաթոյան), -ոստիկանությունը կիրառել է «Զարյա 3» ձեռքի լուսաձայնային նռնակ, որը թույլատրելի է կիրառել միայն զինված հանցագործների նկատմամբ («Հետք օնլայն»), -տելեգրամյան ալիքներում առկա են բազմաթիվ տեսանյութեր (Առավոտ, Սրբազան պայքար եւ այլք), որոնք վկայում են, որ բերման ենթարկվածների նկատմամբ կիրառվել է բռնություն, ծեծ, նվաստացուցիչ վերաբերմունք և խոշտանգումներ: Տեղի ունեցածը գնահատելու առումով, պետք է նաև նկատի ունենալ, որ վերջին ամիսներին Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի կտրուկ վատթարացում են արձանագրել և իրավապահ մարմինների գործողությունների խիստ քննադատությամբ են հանդես եկել ԱՄՆ կառավարությունը (ամենամյա տարեկան զեկույցում), ինչպես նաև Human Rights Watch և Freedom House հեղինակավոր միջազգային իրավապաշտպան կազմակերությունները։ Ի լրումն ասվածի, անհրաժեշտ ենք համարում արձանագրել հետևյալը․ 1․ Նկատի ունենալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման զանգվածայնությունը և խաղաղ բնույթը, Հայաստանի իշխանությունները՝ որպես երկրի ներքին կայունության ապահովման գլխավոր երաշխավոր, սկզբից ևեթ պարտավոր էին հանդես գալ երկխոսության և քաղաքական լուծումներ գտնելու նախաձեռնությամբ: Փոխարենը նրանք որդեգրեցին տրամագծորեն հակադարձ մոտեցում՝ մերժելով շարժման առաջնորդների՝ երկխոսելու բոլոր առաջարկները։ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմն, ըստ այդմ, հերթական անգամ դրսևորեցին ոչ թե պատասխանատու պետական գործիչների, այլ՝ «փողոցային տղայական հասկացություններով» առաջնորդվողների վարքագիծ։ 2․ Նույնիսկ դրամատիկ իրադարձություններից անմիջապես առաջ, Փաշինյանը, հանդարտության և ողջախոհության կոչերով հադես գալու փոխարեն, իր անհավասարակշիռ պահվածքով էլ ավելի լարեց իրավիճակը, փաստորեն հրահրելով բռնությունների գործադրումը խորհրդարանի նիստերի դահլիճում գտնվող ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ և ապօրինի գործողությունները՝ նիստը լուսաբանող լրագրողների հանդեպ։ 3. Ազգային Ժողովի նիստերի դահլիճում իրավիճակի սրմանը զուգընթաց՝ ոստիկանությունն ապօրինաբար արգելեց դրսում գտնվող պատգամավորների մուտքը Ազգային Ժողով՝ խոչընդոտելով նրանց լիազորությունների կատարումը, ինչն իր հերթին բորբոքեց կրքերը ցուցարարների շրջանում։ Ստեղծված իրավիճակում, այնուամենայնիվ, չկար որեւէ անմիջական սպառնալիք Ազգային Ժողովի բնականոն աշխատանքին եւ անվտանգությանը, որը անհրաժեշտ կդարձներ քաղաքացիների առողջության համար վտանգ ներկայացնող հատուկ միջոցների կիրառումը։ 4․ Հունիսի 12-ին ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ ուժի կիրառման հետևանքներն ամենամասշտաբայինն էին 2008թ․ մարտիմեկյան ողբերգությունից հետո։ Պատահական չէ, որ դա տեղի ունեցավ այն իշխանության օրոք, որը, դրժելով սեփական խոստումներն ու պարտավորությունները, փաստորեն փակեց եւ պարտակեց մարտի 1-ի գործը՝ պատասխանատվությունից ազատելով դրա կազմակերպիչներին և կատարողներին։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ քանի դեռ մարտիմեկյան սպանդն ամբողջությամբ բացահայտված և դատապարտված չէ, հայ հասարակությունն ապահովագրված չէ դրա կրկնությունից։ Բարեբախտաբար, հունիսի 12-ին մենք խուսափեցինք վատթարագույնից։ 5․ Խիստ մտահոգիչ ու դատապարտելի է այն փաստը, որ, մարտի 1-ի կրկնությամբ, դեպքերից անմիջապես հետո երկրի վարչապետը, Ազգային ժողովի նախագահը և հանրապետության Նախագահը ոչ միայն ափսոսանք և մտահոգություն չարտահայտեցին տասնյակ վիրավորների փաստի կապակցությամբ, այլև անվերապահորեն արդարացրին ուժային կառույցների գործողությունները՝ ըստ էության ուղղորդելով և կանխորոշելով հետաքննության արդյունքները։ Այսպիսով, կատարվածի գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանի վարչախումբն է, որը, օրինակարգության և ժողովրդի վստահության սրընթաց անկմանը զուգահեռ, երկիրը կառավարելու իր գլխավոր հենարան է դիտում ուժային կառույցները՝ Հայաստանում ոստիկանապետություն հաստատելու հեռանկարով»,-ասվում է հայտարարության մեջ։ ։ Հունիսի 12-ի երեկոյան Ազգային ժողովի մոտ վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել։ Վնասվածք է ստացել 101 մարդ, այդ թվում՝ ոստիկաններ։ Ըստ Քննչական կոմիտեի՝ Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում «զանգվածային անկարգություններ կազմակերպելու և իրականացնելու դեպքի առթիվ քրվարույթ է նախաձեռնվել»։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի մոտ տեղի ունեցածը որակել է «հարձակում Ազգային ժողովի, ժողովրդավարության և Հայաստանի ինքնիշխանության, անկախության վրա և անճարության դրսևորում»։ Բագրատ սրբազանն, իր հերթին, ոստիկանական գործողությունները որակել է «ահաբեկչություն» խաղաղ հավաքի մասնակիցների, ինչպես նաև ԱԺ հարևանությամբ գտնվող այգում եղած քաղաքացիների նկատմամբ։
Էրդողանը հուլիսին Շուշի է այցելելու
Էրդողանը հուլիսին Շուշի է այցելելու Շուշիում է անցնելու Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովը
Բաքուն կրկին ապատեղեկատվություն է տարածել իր «դիրքերի ուղղությամբ կրակի» մասին
Բաքուն կրկին ապատեղեկատվություն է տարածել իր «դիրքերի ուղղությամբ կրակի» մասին ԵՄ դիտորդական առաքելությունը ևս արձագանքել էր Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տարածվող ապատեղեկատվությանը
Բագրատ սրբազան․ Շարժումը վերաձևակերպում ենք, ինչից հետո այն ավելի մասշտաբային կդառնա
Բագրատ սրբազան․ Շարժումը վերաձևակերպում ենք, ինչից հետո այն ավելի մասշտաբային կդառնա «Իշխանությունները ամեն ինչի պատրաստ են իրենց պաշտոնները պահելու համար»,–ասել է նա
ԵՄ դիտորդները սահմանին արտասովոր շարժ կամ միջադեպ չեն նկատել
ԵՄ դիտորդները սահմանին արտասովոր շարժ կամ միջադեպ չեն նկատել ԵՄ դիտորդական առաքելությունն արձագանքել է Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տարածվող ապատեղեկատվությանը
Կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ–Իրան ազատ առևտրի մասին համաձայնագրի վավերացմանը
Կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ–Իրան ազատ առևտրի մասին համաձայնագրի վավերացմանը Իրանական կողմն առաջին անգամ ամրագրում է ներմուծման մաքսատուրքերի զրոյականացման պարտավորություններ
---