11:45 AMT
07:45 GMT
Բելառուսում ՌԴ դեսպան Բորիս Գրիզլովը հայտարարել է, որ ՀԱՊԿ–ում իր անդամությունը սառեցնելու Հայաստանի որոշումը չի կարող լրջորեն խախտել այդ կառույցի աշխատանքը, սակայն, կթուլացնի կառույցի դիրքերը Հարավային Կովկասում։ «Չեմ կարծում, որ Երևանի նման քայլը կարող է լրջորեն խաթարել կազմակերպության աշխատանքը, քանի որ այն միանգամայն կայուն է։ Թեև, անշուշտ, դա կնշանակի ՀԱՊԿ-ի դիրքերի թուլացում Հարավային Կովկասում»,–ասել է նա։ Ըստ Գրիզլովի, գլխավոր հարցը լինելու է այն, թե այս պայմաններում ինչպես է կառուցելու իր քաղաքականությունը Հայաստանը, գրում է ՏԱՍՍ–ը։ «Կարևոր է հասկանալ, որ Հարավային Կովկասում Արևմուտքի բոլոր գործողություններն ու ծրագրերը թելադրված չեն այս տարածաշրջանի երկրների նկատմամբ մտահոգությամբ։ Վաշինգտոնն ու Բրյուսելը ձգտում են ոչ թե կառուցողական համագործակցության, այլ տարածաշրջանի երկրներին փորձում են ներքաշել իրենց աշխարհաքաղաքական արկածախնդրության մեջ։ Արդյո՞ք սա ավելի մեծ անվտանգություն կբերի Հայաստանին, հռետորական հարց է»,-ասել է դեսպանը։ Նա հավելել է, որ ցանկացած քայլ, որը կարող է հեռացնել ՀԱՊԿ անդամ պետություններին իրարից, խորապես սխալ է։ «Կազմակերպության շրջանակում կան գործուն մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս քննարկել և լուծումներ գտնել ամենատարբեր հարցերի պարագայում, նույնիսկ եթե առաջին հայացքից դրանց լուծումը բարդ է թվում»,–ասել է նա։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի առնվազն 2 երկիր մասնակցել է դաշնակից Հայաստանի դեմ 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը։ Այդ մասին նա ասել է մայիսի 22–ին Աժ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ադրբեջանամետ հայտարարությանը, որ վերջինս հնչեցրել էր Շուշիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։