11:47 AMT
07:47 GMT
Շրջանառության մեջ է դրվել Երևանի ավագանու որոշման նախագիծ, որով մայրաքաղաքի երեք հատվածում արգելվելու է շրջիկ երաժիշտների մշակութային գործունեության իրականացումը: Դրանք են՝ Հանրապետության հրապարակը, Մաշտոցի պողոտա-Սայաթ-Նովա-Տերյան-Թումանյան փողոցներով պարփակված տարածքը, Հյուսիսային պողոտան և դրանց հարակից 100 մետր շառավղով տարածքները: Հանրապետության հրապարակի, Հյուսիսային պողոտայի և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից շենքերի բնակիչները պարբերաբար դժգոհում են, որ տարածքում հնչող երաժշտությունը խաթարում է իրենց անդորրը, հայտնում է քաղաքապետարանը։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանը շրջայց է կատարել նշված փողոցներով և գործունեություն իրականացնող երաժիշտներին իրազեկել սպասվող փոփոխությունների մասին: