16 հունիսի 2017 - 15:48 AMT
ՀՈԴՎԱԾ
Այսքան մոտ, այսքան տարբեր
Ինչ համերգներ են սպասվում Հայաստանում և Վրաստանում
Հայաստանն ու Վրաստանը, հարևան երկրներ լինելով, բավականին շատ ընդհանրություններ ունեն, անկախ տարբերություններից: Հատկանշական է, որ երկրները հաճախ են համեմատվում ինչպես տնտեսական և քաղաքական առումով, այնպես էլ զբոսաշրջային և մշակութային ոլորտներում:

PanARMENIAN.Net-ը որոշել է պարզել, թե առաջիկայում ինչ նշանակալի համերգներ են սպասվում Հայաստանում և Վրաստանում:

Վրաստանում

Վրաստանում բավականին կարևորում են երաժշտական միջոցառումների անցկացումը երկրում: Այդ քաղաքականությունն ուղղված է զբոսաշրջության զարգացմանը և հաջող է աշխատում վերջին տարիներին: Մեծ համերգների, ջազի ու էլեկտրոնային երաժշտության փառատոներին, որոնք, ի դեպ, բավականին բարձր մակարդակով են անցկացվում, հավաքվում են այդ տիպի երաժշտության սիրահարներ ինչպես հարևան, այնպես էլ ավելի հեռավոր երկրներից, քանի որ տոմսերն ու կեցությունը Վրաստանում բավականին մատչելի են:

Հունիսի 16-ին Վրաստանում մեկնարկում է Tbilisi Open Air 2017 երաժշտական փառատոնը, որի շրջանակում հանդես կգա հայտնի ռուսական «Լենինգրադ» խումբը («Լենինգրադի» 2016-ի հոկտեմբերին Երևանում կայանալիք համերգը չեղարկվեց), բրիտանական Anathema և Archive խմբերը, բազմաթիվ այլ արտիստներ: Բացօթյա փառատոնը կանցնի Թբիլիսիում հունիսի 16-18-ը: Ամեն օր փառատոնի գլխավոր բեմը կտնօրինի առաջատար խմբերից մեկը: Հունիսի 16-ին փառատոնը կբացի Լիվերպուլում կազմավորված բրիտանական Anathema ռոք խումբը, հունիսի 17-ին՝ Սանկտ Պետերբուրգում Սերգեյ Շնուրովի ստեղծած «Լենինգրադ» խմբավորումը, իսկ հունիսի 18-ին՝ լոնդոնյան Archive խումբը:

Նախագծի հեդլայներներից բացի, Tbilisi Open Air շրջանակում ավելի քան 40 օտարերկրացի և վրաց երաժիշտներ, խմբեր ու երգիչներ ելույթ կունենան:

Tbilisi Open Air երաժշտական փառատոնն անցկացվում է Թբիլիսիում 2009-ից: Այդ ընթացքում փառատոնի բեմում հանդես են եկել այնպիսի հայտնի երաժիշտներ, ինչպիսիք են Զեմֆիրան, ԴԴՏ-ն, Placebo-ն, Beth Hart-ը, Black Label Society-ին, Tiger Lillies-ը, Soap and Skin-ը և այլոք:

Հուլիսի 27-30-ը Բաթումում կանցնի Black Sea Jazz փառատոնը, որի շրջանակում ելույթ կունենա հայտնի բրիտանական Jamiroquai խումբը: Jamiroquai-ից բացի Black Sea Jazz Festival-ի շրջանակում հանդես կգա հայտնի ամերիկյան հիփ-հոփ De La Soul եռյակը (հուլիսի 29) և բրիտանացի երգչուհի Joss Stone-ը (հուլիսի 30), որն ավելի վաղ հանդես է եկել նաև Երևանում՝ Yerevan Jazz Fest 2016-ի շրջանակում:

Էլեկտրոնային երաժշտության GEM Fest փառատոնը 2017-ին արդեն 3-րդ անգամ կանցնի Վրաստանում: Այս անգամ վրացական Անակլիա ավանում անցնող փառատոնը մեկ ամիս կտևի՝ հուլիսի 14-ից օգոստոսի 14-ը: Այն կմիավորի 8 ակումբային բեմ և ակումբային երաժշտության ավելի քան 500 անվանի կատարողի ամբողջ աշխարհից: Փառատոնի գլխավոր հեդլայները կլինի բրիտանական DJ Mag 2016 շաբաթաթերթի վարկածով աշխարհի լավագույն դիջեյ Մարտին Գարիկսը Հոլանդիայից (նախանձի արցունքները դժվար է զսպել) և ամերիկացի դիջեյ, կոմպոզիտոր և երաժշտական պրոդյուսեր Սթիվ Աոկին:

GEM Fest-ի շրջանակում հնարավոր կլինի լսել նաև ժամանակակից ամենաթանկ դիջեյներից մեկին, Համբուրգում ապրող Մլադեն Սոլոմունին, որը հայտնի է Solomun կեղծանունով: Նա ելույթ կունենա օգոստոսի 3-ին: Իսկ օգոստոսի 4-ին՝ հայտնի շվեդական Axwell & Ingrosso DJ դուետը, ինչը ևս նախանձի մի մեծ առիթ կարող է լինել:

Սրանով վրացական փառատոնի հարուստ երաժշտացանկը չի եզրափակվում, կան բազում հայտնի անուններ, որոնք կարող են շոյել էլեկտրոնային երաժշտության երկրպագուների ականջը՝ James Zabiela (նա Հայաստանում էլ է ելույթ ունեցել), Oliver Deutschmann, Paul Kalkbrenner և GusGus (նրանք մասնակցել են փառատոնին նաև 2016-ին):

Իսկ օգոստոսի 12-ին, փառատոնի փակումից 2 օր առաջ, ելույթ կունենա հայտնի տեխնո դիջեյ Boris Brejcha-ն, որը նաև GEM Fest 2016-ին է մասնակցել:

Աշխարհահռչակ բրիտանացի երգիչ և կոմպոզիտոր Էլթոն Ջոնը սեպտեմբերի 16-ին համերգ կտա Վրաստանում: Լեգենդար բրիտանացին ելույթ կունենա նորակառույց Black Sea Arena համերգասրահի բեմում, որը Ուռեկիի մոտակայքում է գտնվում (նախանձի արցունքներն արդեն չի ստացվում զսպել, մնում է սպասել տոմսերի վաճառքի մեկնարկին՝ հունիսի 29-ին):

Մինչդեռ Հայաստանում...

Իսկ Հայաստանում այդ ընթացքում սպասվում են Նարգիզի, «Ռուկի վվերխ» խմբի և Գրիգորի Լեպսի համերգները: Եվ վերջ:

Իրականում Հայաստանում արտասահմանցի աստղերի համերգների կազմակերպման հարցը շատ ավելի բարդ է: Առանց պետական աջակցության, առանձին անձանց ու ընկերությունների անձնական միջոցներով կազմակերպված համերգները հաճախ չեն համապատասխանում հանդիսատեսի ճաշակին՝ բացասական արձագանքներ ստանալով և ոչ այնքան հաջող անցնելով: Արդեն տարիներ շարունակ Հայաստան են հրավիրվում «թարմությունը կորցրած» աստղերը:

Երևանում համերգներով բազմիցս են հանդես եկել Իրինա Ալեգրովան, Գրիգորի Լեպսը, Ռիչարդ Կլայդերմանը և այլ ոչ այնքան երիտասարդ աստղերը: Նոր սերնդի կատարողներից Հայաստանում վերջերս ելույթ ունեցան Տիմատին, L’One-ը, Քրիստինա Սին, Мот-ը և Իվան Դորնը (բայց համաձայնեք՝ դա Solomun չէ, և առավել ևս ոչ էլ Մարտին Գարիկս): Դեռևս չի հաջողվում Հայաստան բերել երիտասարդ աստղերի, թեև տարեցներն էլ շատ հազվադեպ են այստեղ հայտնվում:

Այդպես, առաջնորդվելով «յուրաքանչյուր նորը լավ մոռացված հինն է» կարգախոսով, սեպտեմբերի 2-ին Երևանում կկայանա 90-ականներին բավականին հայտնի ռուսական «Ռուկի վվերխ» խումբը: 2017-ին խումբը նշում է իր 20-ամյակը և մենակատար Սերգեյ Ժուկովն ընկերների հետ հայ հանդիսատեսին կներկայացնի բոլորին վաղուց ծանոթ սիրված հիթերը:

Իսկ հոկտեմբերի 8-ին Հայաստանի մայրաքաղաքում առաջին անգամ համերգ կտա ազգությամբ ուզբեկ ամերիկաբնակ երգչուհի Նարգիզ Զակիրովան, որն այժմ Մոսկվայում է բնակվում: Երգչուհին կներկայացնի «երկուսով» համերգային ծրագիրը, որի շրջանակում կկատարի ինչպես հին և սիրված, այնպես էլ նոր երգեր, որի հեղինակն է երգչուհու պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեևը:

Լեպսին, անկախ իր բազում պարգևներից ու մրցանակներից, Էլթոն Ջոնի հետ չես համեմատի: ՌԴ վաստակավոր արտիստ, «Ոսկե գրամոֆոնի» մրցանակակիր, «Տարվա երգ», «Տարվա շանսոն» մրցանակների դափնեկիր Գրիգորի Լեպսը, որը պարբերաբար ելույթ է ունենում Երևանում, կրկին կհյուրընկալվի Հայաստանի մայրաքաղաքում 2018-ին: Լեպսի համերգը նախանշված է փետրվարի 24-ին: Վերջին անգամ վրացական արմատներով ռուսաստանցի երգիչը, որին սիրում են Հայաստանում, համերգ է տվել Երևանում 2015-ի նոյեմբերի 13-ին:

Ի դեպ, Լեպսի համերգի ամենաթանկ տոմսի արժեքը 120.000 է (մոտ $250), Էլթոն Ջոնի համերգի տամսերի գինը Վրաստանում սկսվում է $60-ից:

Այլ համերգներ Հայաստանում դեռևս չեն նախատեսվում:

Յուլիաննա Լալաբեկովա/PanARMENIAN.Net