Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Հանդիպմանը քննարկվել են վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր, տեղեկացնում է երկրի ղեկավարի աշխատակազմի մամուլի ծառայությունը:
Երկուստեք մտահոգություն է հայտնվել շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման հաճախակի դարձած դեպքերի կապակցությամբ:
Վերջին շրջանում իրավիճակը սահմանին ու շփման գծում լարված է:Սեպտեմբերի առաջին օրերից հակառակորդը կրակի տակ է պահում Տավուշի մարզը: Սեպտեմբերի 2-ին հակառակորդի գնդակից Տավուշում պայմանագրային զինծառայող է զոհվել՝ Հայկ Դևոյանը: Զոհեր ունի նաև ԼՂՀ ՊԲ-ն՝ամսի 4-ին հակառակորդի ձեռնարկած գործողության արդյունքում մարտական խնդիր կատարելու ժամանակ զոհվել են պայմանագրային զինծառայողներ Մարատ Խաչանյանը և Արման Ստեփանյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած միջադեպերի քննության մեխանիզմի շուրջ համաձայնության հասնելը՝ ընդգծելով, որ դա հնարավորություն կընձեռի խուսափել իրավիճակի նման սրացումներից և մարդկային կորուստներից։ Նա նաև դրական է գնահատել նման իրավիճակներում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումների հաճախակիացումը:
Անդրադարձ է եղել նաև սեպտեմբերի 3-ից 6-ը անցկացվող «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններին և դրանց նպատակին:
«Շանթ-2015» զորավարժությունը ՀՀ տարածքում անցկացվում է սեպտեմբերի 3-ից 6-ը, այն ղեկավարում է ՀՀ նախագահը:
Համապետական նշանակության այս զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը:
Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակն առավելապես համապատասխանեցված են իրականությանը:
Կարդացեք նաև՝ Ուորլիք. ԵԱՀԿ-ն դատապարտում է խաղաղ բնակիչների միտումնավոր թիրախավորումը
Արցախից 100 ազատամարտիկ է մեկնել Տավուշի սահման՝ ԼՂՀ վարչապետի գլխավորությամբ