Արցախից 100 ազատամարտիկ է մեկնել Տավուշի սահման՝ ԼՂՀ վարչապետի գլխավորությամբ

Արցախից 100 ազատամարտիկ է մեկնել Տավուշի սահման՝ ԼՂՀ վարչապետի գլխավորությամբ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 5-ին Արցախի ազատամարտիկների միության (ԱԱՄ) նախաձեռնությամբ Ստեփանակերտից ՀՀ հյուսիս-արևելյան՝ Տավուշի սահմանագոտի է մեկնել100 ազատամարտիկ՝ ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի և միության նախագահ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ:

«Մենք պատրաստ ենք «Մեկ ազգ, մեկ հայրենիք» կարգախոսի ներքո ծառայելու մեր հայրենիքի բոլոր հատվածներում: Մեր նպատակն է մեկ անգամ ևս թշնամուն ջախջախիչ հարված հասցնել և հասկացնել, որ այլևս հրաժարվի նման ոտնձգություններից: Ավելին՝ Արցախի ազատամարտիկները միշտ պատրաստ են մեկնել նաև Արևմտյան Հայաստան՝ ազատագրելու մեր հայրենիքի մյուս հատվածները ևս», - ասել է Արցախի ազատամարտիկների միության Ասկերանի տարածքային միավորման նախագահ Սամվել Աղաջանյանը, մեջբերում է Artsakhpress.am-ը:

Արցախի ազատամարտիկների միության աշխատակազմի ղեկավար Էդիկ Խաչատրյանը իր հերթին նշել է, որ պատրաստ են պաշտպանել հայրենիքի սահմաններն ու ապահովել ժողովրդի անվտանգությունը:

«Մենք ունենք մեկ ընդհանուր հայրենիք ու սահման և պատրաստ ենք ցանկացած պահի դիմագրավելու թշնամու բոլոր ոտնձգություններն ու դաս տալու նրան: Սահմանագիծ մեկնելու և մեր զինվորների կողքին կանգնելու մեր հերթական առաքելության նպատակը մեկ անգամ ևս ցույց տալն է, որ հայ ազգը պատրաստ է ցանկացած պահի միասնական գործելու, ինչը մեր հաղթանակի գրավականն է», - ասել է նա:

Վերջին շրջանում իրավիճակը սահմանին ու շփման գծում լարված է:

Սեպտեմբերի առաջին օրերից հակառակորդը կրակի տակ է պահում Տավուշի մարզը: Սեպտեմբերի լույս 5-ի գիշերը և առավոտյան ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներ ու ականանետեր: Անկանոն բնույթի կրակահերթեր են արձակվել ՀՀ Տավուշի մարզի սահմանային դիրքերի ու սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ: Նախորդ օրերի համեմատությամբ` հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների պարբերականությունը նվազել է:

Սեպտեմբերի 2-ի երեկոյան մինչև ուշ գիշեր հակառակորդը կրակել է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից, այդ թվում՝ ականանետերից, նախևառաջ դիրքերի, ինչպես նաև որոշ սահմանամերձ գյուղերի ուղղությամբ: Տավուշի 20 գյուղն էլ այս կամ այն չափով ընկել են կրակի տակ։ Հակառակորդին լռեցնել հնարավոր է եղել միայն պատասխան կրակից հետո։ Կրակոցներից Կոթիի 2 բնակիչ է վիրավորվել, որոնց վիճակը կայուն է, կյանքի էլ վտանգ չի սպառնում:

Սեպտեմբերի 2-ին հակառակորդի գնդակից Տավուշում պայմանագրային զինծառայող է զոհվել՝ 1975-ին ծնված Հայկ Կառլենի Դևոյանը:ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 13-րդ կետերով:

Վերջին շրջանում հակառակորդը սկսել է հաճախակի կիրառել խոշոր տրամաչափի հրաձգային և հրթիռահրետանային զինատեսակներ, ինչը ադրբեջանական քարոզչությունը անհաջողությամբ փորձում է հերքել:

Մինչ այդ, սեպտեմբերի 4-ին ԼՂՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտունի շրջանի Կուրոպատկինո բնակավայրի հյուսիսային ուղղությամբ: Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---