Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Անթալիայում կայացած G20 գագաթնաժողովի շրջանակում կազմակերպված ճեպազրույցի ընթացքում հայտնել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ֆինանսավորում է ստանում աշխարհի 40 երկրում բնակվող ֆիզիկական անձանցից:
Պուտինն ընդգծել է, որ ահաբեկիչներին ֆինանսավորող երկրներից մի քանիսը G20-ի անդամներ են։ ՌԴ նախագահի խոսքով՝ ինքն այս տեղեկություններով արդեն կիսվել է «Մեծ քսանյակի» իր գործընկերների հետ, lenta.ru-ին հղումով գրում է Tert.am-ը:
Նա նաև ասել է, որ անհրաժեշտ է կանխել ահաբեկիչների կողմից նավթի ու նավթամթերքների ապօրինի վաճառքից հսկայական գումարների յուրացումը։
«Տիեզերքից ու ինքնաթիռներից արված լուսանկարներում հստակ երևում է, թե ինչպիսի մասշտաբներ է ձեռք բերել ապօրինի վաճառքը։ Վառելիքի լիցքավորման մեքենաների շարասյուները ձգվում են տասնյակ կիլոմետրեր, և 4-5 հազար մետր բաձրությունից դրանք հասնում են մինչև հորիզոն: Այդ ամենը նավթատար համակարգի տեսք ունի», - ասել է Պուտինը:
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել։ Ըստ վերջին տվյալների, «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 129 մարդ, վիրավորվել 200-ից ավելին։ Ֆրանսիայի նախագահի հրամանով երկրում ատրակարգ դրություն է հայտարարված: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Փարիզում ահաբեկչությունների համար պատասխանատու է «Իսլամական պետությունը», հայտնել է Reuters-ը: ԻՊ-ն իր հերթին նոր ահաբեկչություններով է սպառնում Ֆրանսիային:
Կարդացեք նաև՝ Ֆրանսիայի վարչապետը ծայրահեղականների նոր հարձակումներ է կանխատեսում Եվրոպայի այլ երկրներում