2 փետրվարի 2016 - 18:35 AMT
ԱՆ. ՀՀ-ում ձերբակալված Բահրեյնի քաղաքացին ազատ է արձակվել և չի արտահանձնվի

2016-ի սկզբին «Զվարթնոց» օդանավակայանում Հայաստանի իրավապահների կողմից ձերբակալված, այնուհետև կալանավորված Բահրեյնի Թագավորության քաղաքացի Ռադհի Ֆադհել Աբբաս Ահմեդ Ալին ազատ է արձակվել: Այդ մասին տեղեկացնում են Արդարադատության նախարարության լրատվական ծառայությունից:

Ահմեդ Ալին 2014թ. մայիսի 25-ից Բահրեյնի Թագավորության կողմից միջազգային մակարդակով հետախուզվում էր ԲՀ Քրեական օրենսգրքի 178 հոդվածի, 179 հոդվածի, 277/1 հոդվածի, 409/1 հոդվածի, 414/1 հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի ու 58 հոդվածի մեղադրանքով (սպանության փորձ, պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառություն, հասարակական և մասնավոր սեփականության վնասում, զանգվածային անկարգություն և ահաբեկչություն):

Սակայն հունվարի 8-ին իրավապաշտպան մի շարք կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որում հույս են հայտնել, որ ՀՀ իշխանությունները «չեն ենթարկվի Հայաստանում ձերբակալված բահրեյնցի ակտիվիստ Ֆադհել Ռադհիին արտահանձնելու՝ Բահրեյնի պահանջին՝ առանց համոզվելու, որ նրա նկատմամբ հստակ քրեական գործ կա, որը հարուցվել է անաչառ և անկախ դատարանի կողմից»:

Հայտարարությունը ստորագրած կազմակերպությունները վստահեցնում են, որ Բահրեյնը ակտիվիստներին կալանավորելու և դատապարտելու, «նրանց նկատմամբ անհիմն մեղադրանքներ առաջադրելու և ծանր խոշտանգումների ու անմարդկային, նվաստացնող վերաբերմունքի միջոցով կեղծ խոստովանություններ կորզելու հարուստ պատմություն ունի»:

Քաղաքացու հանձնումը իր երկրի իրավապահներին իրականացվում է միջազգային պայմանագրերին համապատասխան, և քանի որ Բահրեյնի Թագավորության և Հայաստանի Հանրապետության միջև երբևէ չեն կնքվել և չեն գործում հանձնման կամ արտահանձնման վերաբերյալ միջազգային երկկողմ կամ բազմակողմ պայմանագրեր, հետևաբար, ինչպես տեղեկացնում են ԱՆ-ից, Բահրեյնի քաղաքացին չի արտահանձնվի իր երկրի իրավապահներին:

Համապատասխանաբար, ՀՀ արդարադատության նախարարությունը, չունենալով Բահրեյնի Թագավորության քաղաքացի Ռադհի Ֆադհել Աբբաս Ալիին՝ Բահրեյնի Թագավորությանը հանձնելու համար անհրաժեշտ միջազգային պայմանագրային հիմք, առաջնորդվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 54.1 գլխի համապատասխան դրույթներով, որոնցով կարգավորվում է քրեական գործերով իրավական օգնությունը միջազգային պայմանագրերի բացակայության դեպքում, գրում է Panorama.am-ը:

Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 482-րդ հոդվածի՝ ՀՀ արդարադատության նախարարությունը կարող է ուսումնասիրել Բահրեյնի Թագավորության հանձնման միջնորդությունը դիվանագիտական ուղիներով հանձնումը փոխադարձության հիման վրա իրականացնելու մասին երկու պետության միջև համաձայնություն ձեռք բերելուց հետո:

Բահրեյնի Թագավորության իրավասու մարմիններից Ռադհի Ֆադհել Աբբաս Ահմեդ Ալիի հանձնման խնդրանքը ստացվել է ոչ դիվանագիտական ուղիներով, որի ուսումնասիրության արդյունքում դրանում հայտնաբերված մի շարք թերությունների մասին վերջիններս տեղեկացվել են: Հաշվի առնելով վերոգրյալը և ելնելով ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հիմքերի բացակայությունից՝ ՀՀ արդարադատության նախարարը Ռադհի Ֆադհել Աբբաս Ալիի հանձնման միջնորդությամբ ՀՀ իրավասու դատարան չի դիմել:

«Այսպիսով, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նշանակված 30-օրյա կալանքի ժամկետը լրանալուց հետո Ռադհի Ֆադհել Աբբաս Ալին ազատ է արձակվել. վերջինիս հանձնումը Բահրեյնի Թագավորության իրավասու մարմիններին որևէ այլ հիմքով՝ բացառվում է», - ասված է նախարարության պատասխանի մեջ:

Կարդացեք նաև՝ Իրավապաշտպաններ. Հուսով ենք՝ ՀՀ-ն չի արտահանձնի Բահրեյնի քաղաքացուն