Ռուսաստանը շարունակում է հետևողական աշխատանք տանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար, սակայն վերջնական որոշում կարող են կայացնել միայն հակամարտության անմիջական մասնակիցները։ Այս մասին մարտի 11-ին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա շեշտել է, որ ո՛չ միջազգային միջնորդները, ո՛չ Ռուսաստանը չեն կարող հակամարտությունը լուծել Հայաստանի կամ Ադրբեջանի փոխարեն:
«Դա միանգամյա ջանք չէ, այլ հետևողական գիծ, որն առկա է միջազգային ձևաչափերում։ Եվ լինելով այդ ձևաչափերի պատասխանատու մասնակից՝ Ռուսաստանը շարունակում է հետևողական աշխատանքը։ Սակայն կոնկրետ որոշումներ, վերջնական նախաձեռնություններ կարող են անել միայն այդ հակամարտության մասնակիցները»,-ասել է Պեսկովը, գրում է Tert.am-ը:
Մարտի 10-ին ՀՀ և ՌԴ նախագահներ Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը Մոսկվայում աշխատանքային հանդիպում անցկացրին: Նախագահները քննարկել են այդ թվում ղարաբաղյան հակամարտության, եվրասիական ինտեգրման, ռուս-հայկական հարաբերությունների շրջանակներում կարևոր հարցեր: