25 ապրիլի 2016 - 14:26 AMT
ԱՄՆ դեմոկրատների առաջնորդ. Հանուն ապագա սերունդների պարտավոր ենք առերեսվել պատմությանը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի դեմոկրատների առաջնորդ Նենսի Փելոսին Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված հայտարարությամբ է հանդես եկել: «Ավելի քան մեկ դար առաջ 1,5 մլն անմեղ հայ բնաջնջվեց` երեխաներ, կանայք, տղամարդիկ, որոնք Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից ենթարկվեցին համակարգված կոտորածի և ցեղասպանության: Այսօր մենք հիշում ենք անմարդկային, դաժան էթնիկ զտումների շրջանը: Մենք հարգանքի տուրք ենք մատուցում զոհերի հիշատակին` ճանաչելով անցյալը»,-ասել է Փելոսին:

«Մենք չպետք է մոռացության մատնենք այդ ոճրագործությունը, որը մարդկային կյանքեր է ոչնչացրել, համայնքներ արմատախիլ արել և մի ամբողջ մշակույթ ոչնչացրել: Հաճախ պատմության ողբերգական հանցագործություններն անտեսվում են, նսեմացվում կամ ժխտվում: Մենք պարտավոր ենք հանուն ապագա սերունդների առերեսվել պատմությանը, ինչը կօգնի առավել հուսալի ապագա ստեղծել»,-ասել է նա:

«Հիշատակի այս օրը մենք պետք է ճանաչենք ճշմարտությունը: Մեր բարոյական պարտքն է ամեն օր յուրաքանչյուր հասարակության մեջ դեմ արտահայտվել մոլեռանդությանը, այլատյացությանն ու ատելությանը, որոնք հաճախ հիմք են դառնում բռնության համար»,-ասել է Փելոսին:

Հազարավոր մարդիկ ապրիլի 24-ին հավաքվել էին Նյու Յորքի Թայմս սքուերում` հարգելու համար Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Շատերը կրում էին Հայաստանի դրոշներ` կոչ անելով պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Տասնյակ հազարավոր մարդիկ Հայաստանի դրոշներով և պաստառներով ապրիլի 24-ին հավաքվել էին Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսության առջև` ոգեկոչելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Արդարության կոչով մանուշակագույն և սև շապիկներ կրող ցուցարարները հատուցում էին պահանջում:

Լոս Անջելեսի ոստիկանության տվյալներով ցույցին մասնակցել է մոտ 60.000 ցուցարար: Նրանք վանկարկում էին. «Ձեռքերդ հեռու մեր հողից», «Արևելյան Թուրքիան դա Արևմտյան Հայաստանն է»:

Ընթերցեք նաև. Լոս Անջելեսում 60.000 մարդ է մասնակցել Թուրքիայի հյուպատոսության մոտ ցույցին

Նյու Յորքի կենտրոնում հազարավոր մարդիկ հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը