28 փետրվարի 2007 - 15:05 AMT
Թուրքիայի անդամակցումը Եվրամիությանը դրական ազդեցություն կունենա հայ-թուրքական հարաբերությունների վրա
Լեհաստանը կողմ է, որ Թուրքիան դառնա Եվրամիության անդամ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել Լեհաստանի արտգործնախարար Աննա Ֆոտիգան: Նրա խոսքերով, դա լավ կլինի տարածաշրջանի համար, որի սահմանները եվրոպական կդառնան, դա դրական ազդեցություն կունենա հայ-թուրքական հարաբերությունների վրա: «Սակայն Թուրքիան դեռեւս շատ երկար ճանապարհ պետք է անցնի բարեփոխումների առումով, եւ ես կարծում եմ, որ նրա անդամակցումը ԵՄ-ին շատ տեւական գործընթաց է: Թուրքիան պետք է հաստատի իր նվիրվածությունը եվրոպական արժեքներին, սակայն դեռեւս, դա չի նկատվում: Լեհաստանը Թուրքիայի հետ վաղեմի եւ լավ հարաբերություններ ունի, եղել են շրջաններ, երբ Թուրքիան մեզ համար ռազմավարական գործընկեր է եղել: Լուրջ քաղաքական քննարկումից հետո մենք այն եզրակացության եկանք, որ այդ երկրին հարկավոր է աջակցել: Իմ «Իրավունք եւ արդարություն» կուսակցությունն այլ տեսակետ ունի: Ես կցանկանայի նկատել, որ անցյալում Լեհաստանը պատրաստ էր աջակցել հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը, չներկայացնելով կողմերից որեւէ մեկի շահերը»,-նշել է նա: «Մենք սերտ պատմական կապեր ունենք երկու երկրների հետ, սակայն սա առանձնահատուկ դեպք է: Ես համոզված եմ, որ Երեւանն ու Անկարան կհաշտվեն: Մենք կարող ենք աջակցել երկու երկրների հարաբերությունների հաստատմանը, եթե Հայաստանն ու Թուրքիան իրենք դիմեն Լեհաստանին միջնորդության խնդրանքով»,-ասել է Աննա Ֆոտիգան:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ