18 մայիսի 2016 - 14:41 AMT
ԱՄՆ Պետդեպ. Ադրբեջանը ձգտում է վերահսկել Ղարաբաղի մերձակա տարածքները

Ադրբեջանի հիմնական նպատակը Լեռնային Ղարաբաղի մերձակա շրջաններում իր վերահսկողությունը հաստատելն է: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպի բարձրաստիճան ներկայացուցիչը մայիսի 16-ին ՀՀ և Ադրբեջանի նախագահների Վիեննայի հանդիպումից առաջ կայացած ճեպազրույցում:

«Դա կարող է տեղի ունենալ համապարփակ կարգավորման շրջանակներում»,-ասել է պաշտոնյան:

«Հայաստանի համար գլխավորը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է: Նրանք էլ կարող են այդ կարգավիճակը ստանալ համապարփակ կարգավորման շրջանակներում»,-ասել է Պետդեպի ներկայացուցիչը, որի անունը չի նշվում:

Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների նախաձեռնությամբ և մասնակցությամբ քննարկմանը: Վիեննայում համաձայնություն է ձեռք բերվել՝ քայլեր ձեռնարկել մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:

Ըստ նրա, հենց Ադրբեջանն է այն կողմը, որն ի սկզբանե դեմ էր լրացուցիչ դիտարկումներին շփման գծում: «Նրանք դեմ էին վստահության ամրապնդման ցանկացած միջոցի, որոնք, նրանց կարծիքով, կնպաստեն Լեռնային Ղարաբաղում ստատուս քվոյի պահպանմանը»,-ասել է նա:

Ընթերցեք նաև. ԱՄՆ Պետդեպ. ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումը դրական էր, ճիշտ ուղղությամբ քայլ էր .