8 հունիսի 2016 - 14:45 AMT
Բորդյուժա. Հայաստանը կարող է զենք գնել ՀԱՊԿ անդամներից արտոնյալ գներով

Հայաստանը կարող է արտոնյալ պայմաններով ու գներով զինամթերք ձեռք բերել անմիջապես արտադրող ձեռնարկություններից: Այդ մասին Երևանում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստում, հայտնում է «Sputnik Հայաստան»-ը:

«Դա նշանակում է, որ Հայաստանը կարող է արտոնյալ պայմաններով ու գներով զինամթերք ձեռք բերել անմիջապես արտադրող ձեռնարկություններից»,-ասել է նա։

Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է նաև, որ ՀԱՊԿ անդամ երկրների սահմանների անմիջական հարևանությամբ իրավիճակի ցանկացած ապակայունացում, հատկապես` զինված ընդհարում, սպառնալիք է բոլոր երկրներ և երկրների կայունության համար, այդ իսկ պատճառով մենք անուշադրության չենք մատնում նման երևույթները: Նա հիշեցրել է, որ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գևորգյանը նիստի բացմանն արտասանած իր ելույթում հիշատակել է ՌԴ ղեկավարության ակտիվ դերակատարությունը ապրիլյան պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակի կայունացման և ԼՂ լուծման փոխադարձ ընդունելի տարբերակների որոնման գործում։

«Կարող եմ ասել, որ ՌԴ նախագահի, վարչապետի և ԱԳ նախագահի ակտիվությունն այս հարցում ՀԱՊԿ շրջանակներում գործընկերների` իրավիճակի կայունացմանն ուղղված գործողություն է»,- ասել է նա` միաժամանակ հավելելով, որ ՀԱՊԿ-ն քարտուղարությունը կամ Գլխավոր քարտուղարը չեն, այլ 6 անդամ երկրները։

Բորդյուժան ասել է, որ այդ ժամանակահատվածում բոլոր անդամ երկրների ղեկավարները, իրենց քաղաքական կշիռն օգտագործելով, փորձում էին ազդել զինված ընդհարման դադարեցման վրա և կողմերին վերադարձնել բանակցային սեղան, ինչը, ըստ էության, և արվեց։ Նրա կարծիքով` այդ արդյունքը ևս ՀԱՊԿ-ի անդամ երկրների ղեկավարների քաղաքական կշռի արդյունքն է։

Անդրադառնալով Կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միացյալ համակարգի ստեղծման ծրագրի ընթացքին` Նիկոլայ Բորդյուժան հիշեցրել է, որ նման համատեղ համակարգեր ՌԴ-ն արդեն ունի Բելառուսի և Ղազախստանի հետ, և այժմ աշխատանքներ են տարվում Հայաստանի հետ նման համակարգ ստեղծելու ուղղությամբ, որն այս պահին արդեն իրավական ձևակերպման փուլում է։

Նա հավելել է, որ դա բարդ է, բայց լուրջ միջոց է ՀԱՊԿ երկրների անվտանգության ապահովման համար, և ողջունեց այն փաստը, որ ՀՀ խորհրդարանն արդեն իսկ քննարկում է այս համակարգի ստեղծման հարցը: Նիկոլայ Բորդյուժան նշել է նաև, որ ստեղծվող համակարգն անմիջական նշանակություն է ունենալու նաև ճգնաժամային արձագանքման համար` թույլ չտալու, որ ՀԱՊԿ անդամ երկրների կամ դրանց անմիջականորեն հարող տարածքում զենք կիրառվի կամ զինված բախումներ տեղի ունենան։

Հաջորդ կարևոր քայլը, Նիկոլայ Բորդյուժայի խոսքով, կոլեկտիվ ուժային պոտենցիալի առկայությունն է, որպեսզի ՀԱՊԿ անդամ երկրներից որևէ մեկի նկատմամբ ագրեսիայի կիրառման պարագայում հնարավոր լինի կոլեկտիվ ռազմական օգնություն ցույց տալ։ Ճգնաժամային երևույթների պարագայում, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքով, կարող են ներգրավվել նաև ՀԱՊԿ շրջանակներում գործող խաղաղապահ ուժերը։ «Իմ անձնական դիրքորոշումը հետևյալն է. մենք պետք է խաղաղապահ ուժերն օգտագործենք այն տարածաշրջաններում, որոնք անմիջականորեն սպառնում են մեր երկրների կայունությանն ու անվտանգությանը»,-ասել է նա` հավելելով, որ ուղարկել այդ ուժերը որևէ այլ տեղ, օրինակ` Աֆրիկա, և վտանգել զինծառայողների կյանքը, արդարացված չէ։

Հունիսի 7-8-ը Երևանում ընթանում է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի (ՀԱՊԿ ԱԽՔԿ) նիստը, որը վարում է ՀԱՊԿ-ը նախագահող Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի նորանշանակ ղեկավար Արմեն Գևորգյանը: Նիստին մասնակցում են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, անդամ-պետությունների անվտանգության խորհրդի ղեկավարներ, դեսպաններ:

ՀԱՊԿ ԱԽ քարտուղարները որոշում կընդունեն «Արտաքին քաղաքականության, անվտանգության և պաշտպանության հարցերով ՀԱՊԿ անդամ-պետությունների ներկայացուցիչների 2016թ. երկրորդ կիսամյակի և 2017թ. առաջին կիսամյակի խորհրդատվությունների պլանի», ինչպես նաև անվտանգության ոլորտին առնչվող մի շարք այլ նախագծերի վերաբերյալ:

Ընթերցեք նաև. ԱԱԽ ղեկավարը՝ ՀԱՊԿ-ին. ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորողն է