ԱԱԽ ղեկավարը՝ ՀԱՊԿ-ին. ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորողն է

ԱԱԽ ղեկավարը՝ ՀԱՊԿ-ին. ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորողն է

PanARMENIAN.Net - Երևանում ընթանում է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի (ՀԱՊԿ ԱԽՔԿ) նիստը, որը վարում է ՀԱՊԿ-ը նախագահող Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի նորանշանակ ղեկավար Արմեն Գևորգյանը: Նիստին մասնակցում են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, անդամ-պետությունների անվտանգության խորհրդի ղեկավարներ, դեսպաններ, հայտնում է Tert.am-ը:

Ինչպես հայտարարել է Արմեն Գևորգյանը, ՀԱՊԿ ԱԽՔԿ ընդլայնված կազմով նիստն անցնում է Հայաստանի և տարածաշրջանի համար դժվարին քաղաքական պայմաններում: «Այս առնչությամբ կցանկանայի անդրադառնալ մի քանի հարցի: Այս տարվա ապրիլի սկզբին, ինչպես գիտեք, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին մեծացավ լարվածությունը: Ղարաբաղի ժողովուրդը բախվեց Ադրբեջանի կողմից ուղիղ ագրեսիայի հետ: Սա դարձավ լուրջ մարտահրավեր՝ տարածաշրջանի, Հարավային Կովկասի անվտանգության, կայունության համար, ինչպես նաև հանգեցրեց 1994-ին ձեռք բերված հրադադարի խոշոր խախտումների»,- նիստի մասնակիցներին է ներկայացրել նորանշանակ քարտուղարը:

Արմեն Գևորգյանի խոսքով՝ Հայաստանը՝ որպես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավոր, չի կարող Ադրբեջանի նմանօրինակ գործողություններին կողքից նայել: Նա նշեց, որ Ադրբեջանի ագրեսիան հանգեցրեց մարդկային զոհերի, որը հնարավոր եղավ կանգնեցնել, վերցնել վերահսկողության տակ, ինչի հարցում մեծ դեր խաղացին Ռուսաստանի կողմից գործադրված ջանքերը, որին Ադրբեջանը խնդրել էր՝ հրադադար հաստատել:

«Այս բոլոր միջադեպերը կատարվեցին ՀԱՊԿ կովկասյան տարածաշրջանում, ու մենք ելնում ենք նրանից, որ դրանք անհանգստացնում, մտահոգում են ՀԱՊԿ մեր գործընկերներին, այնպես, ինչպես մենք անտարբեր չենք Կենտրոնական Ասիայում և այլ կետերում կատարվող դեպքերին»,- շեշտել է Գևորգյանը՝ ավելացնելով, որ հասարակությունը ավելի մեծ համախմբվածություն է ակնկալում ՀԱՊԿ անդամ-պետություններից:

Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի նորանշանակ ղեկավարը շեշտել է, որ ՀԱՊԿ-ը ստեղծվել է խնդիրները միասնաբար՝ կոլեկտիվ, լուծելու համար, որի արդյունքը կլինի ՀԱՊԿ անդամ պետության դեմ կատարվող ագրեսիան զսպելը:

Նիստի արդյունքում սպասվում է փաստաթղթերի ստորագրում: Բացի այդ, նեղ կազմով նիստում կքննարկվեն միջազգային ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարի հակազդման հարցեր, ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարության նախագծի համաձայնեցման ընթացքը և կազմակերպչական հարցեր:

Ընդլայնված կազմով նիստում կքննարկվեն թմրամոլության դեմ պայքարի հարցեր, կներկայացվի ՀԱՊԿ ԱԽՔԿ որոշմամբ ստեղծված Կազմակերպության գլխավոր նարկոլոգների համակարգող խորհրդակցության գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը:

ՀԱՊԿ ԱԽ քարտուղարները որոշում կընդունեն «Արտաքին քաղաքականության, անվտանգության և պաշտպանության հարցերով ՀԱՊԿ անդամ-պետությունների ներկայացուցիչների 2016թ. երկրորդ կիսամյակի և 2017թ. առաջին կիսամյակի խորհրդատվությունների պլանի», ինչպես նաև անվտանգության ոլորտին առնչվող մի շարք այլ նախագծերի վերաբերյալ:

Ընթերցեք նաև. ՀԱՊԿ-ն աշխատում է միասնական խաղաղապահ զորակազմի ստեղծման վրա

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---